Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրին պարգևատրվեց ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական առաջին մեդալով
Այսօր` հունիսի 8-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում հայ ժողովրդի ականավոր զավակ, լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի այրին` Գոհար Վարդանյանը, պարգևատրվեց ՀՀ ՊՆ «Գևորգ Վարդանյան» գերատեսչական առաջին մեդալով:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սերան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիաժոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության վետերաններ, հյուրեր: Պարգևատրման արարողությանը հյուրընկալվել էր նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Միջոցառման մասնակիցները վերհիշեցին անվանի հետախույզի կենսագրության հիշարժան դրվագներ, անդրադարձան նրա մարդկային պարզ ու համեստ բնավորությանը:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը նշեց, որ Վարդանյանների գործունեության միայն փոքր մասն է այսօր գաղտնազրկված, սակայն բացահայտվածն արդեն իսկ մեծ գործ է և բավարար Գևորգ Վարդանյանին դասելու աշխարհի խոշորագույն հետախույզների շարքում: «Ձեր խմբի կողմից 1943 թվավականի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ արվեց բացառիկ մի աշխատանք, որը արմատապես փոխեց ուժերի դասավորությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Դուք մեծ աջակցություն ունեցաք նաև Հայաստանի անկախության առաջին տարիներին, Արցախյան ազատամարտի, Արցախի անկախության կայացման գործում»,- նշեց Ս. Օհանյանը, ընդգծելով, որ գերատեսչության մյուս մեդալների շարքում «Գևորգ Վարդանյան» մեդալը կլինի ամենահարգվածն ու արժեքավորը: