Սուրիկ Խաչատրյանը դիմել է ոստիկանություն իրեն թիկնապահ տրամադրելու խնդրանքով
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է ոստիկանություն իրեն թիկնապահ տրամադրելու խնդրանքով: Տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:
Լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով` Սուրիկ Խաչատրյանը դիմել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի և գույքի պահպանության ծառայություն, համապատասխան պայմանագիր է կնքվել ու նրան տրամադրվել է մեկ ծառայող:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքպետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն, իսկ նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը դեռևս հիվանդանոցում է:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դեպքից հետո Հայաստան է ժամանել Արտակ ու Ավետիք Բուդաղյանների երրորդ եղբայրը` Արայիկ Բուդաղյանը: Խոսվում է, որ Արայիկ Բուդաղյանը Հայաստան է եկել վրեժխնդրության` վենդետայի համար: