Ավազակության հեղինակները հայտնաբերվել են. հարուցվել է քրեական գործ
Հունիսի 7-ին, ժամը 01.20-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը(
Նույն օրը, ժամը 03.30-ին, բաժին է հրավիրվել վերջինիս հայրը և հաղորդում տվել, որ հունիսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի մի տնակում երկու անծանոթներ բռնություն գործադրելով՝ որդուց խլել են բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1963 թ. ծնված Դերենիկ Ք.-ն նշված տնակում բռնել է Անդրանիկ Հ.-ի ձեռքերը, իսկ 1973 թ. ծնված Սարգիս Ք.-ն բռունցքով հարվածել է նրա դեմքին, պատճառել վնասվածքներ և ձեռքից խլել բջջային հեռախոսը:
Ժամը 04.00-ին Սարգիս և Դերենիկ Ք.-երը բերման են ենթարկվել բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: