«Ես Գորիսի դպրոցի տնօրենն էի, բայց Գորիսը լքեցի Սուրիկ Խաչատրյանի հետապնդումներից հետո»
Գորիսում բազում հանցագործություններ կան քողարկված, որոնց կնքահայրը Սուրիկ Խաչատրյանն է, և դրանք կբացահայտվեն ու կբարձրաձայնվեն միայն այն ժամանակ, երբ հանցագործի ձեռք ու ոտքը կապած տեսնեն գորիսեցիները: Այս կարծիքին է Գորիսի 4-րդ դպրոցի նախկին տնօրեն և պատերազմի տարիներին ռազմական թղթակից Հասմիկ Բաբաջանյանը, ով galatv.am-ի հետ զրույցում բավականին ուշագրավ բացահայտումներ է արել: Նա ասել է, որ ապրում է Երևանում և հեռացել է Գորիսից հենց Սուրիկ Խաչատրյանի հետապնդումների պատճառով:
«Ես եղել եմ Գորիսի դպրոցի տնօրեն և Գորիսից հեռացել եմ միայն Սուրիկ Խաչատրյանի պատճառով: Գորիսի 4-րդ դպրոցի տնօրենն եմ եղել: Քանի որ ընտրությունների ժամանակ պաշտպանել եմ քաղաքապետի թեկնածու, այն ժամանակ գործող քաղաքապետ Համլետ Մկրտչյանի թեկնածությունը, ոչ թե իր թեկնածուի՝ Արա Դոլունցին, ում հիմա Լիսկայի փոխարեն նշանակել են մարզպետի պաշտոնակատար: Իմ սատարած թեկնածուն եղել է Գորիսի ինքնապաշտպանական շտաբի հրամանատար և Գորիսում բավականին հարգված անձնավորություն է: Ես այդ ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահ էի և իմ սատարած թեկնածուն՝ Համլետ Մկրտչյանը, ընտրվեց քաղաքապետ: Այսինքն Լիսկայի թեկնածուն չանցավ, իսկ ինքը այն ժամանակ դեռ քոչարյանական էր: Իսկ մինչ այդ իմ սատարած թեկնածուի մոտ եղել էր ընդամենը թիկնապահի նման մի բան:
Հետո նա սկսեց կատաղի պայքար ընտրված քաղաքապետի դեմ, այնքան, մինչև որ Համլետին՝ հարգված այդ անձնավորությանը, հանեց պաշտոնից: Հասավ նրան, որ վերևից կառավարությունը անվստահություն հայտնեց: Շանտաժով մեշոկներով գրություններ էր գրել ՀՀ կառավարություն, ԱԺ նախագահին, հետո սկսեց այն մարդկանց հետևներից ընկնել, որոնց որ Համլետը նշանակել էր աշխատանքի, ինքը սկսեց դրանց հետապնդումը ամենավերջին ստորություններով, նաև ինձ հետապնդեց»:
Հասմիկ Բաբաջանյանի խոսքերով՝ իրեն ապօրինի աշխատանքից հեռացնելու որոշում է կայացնում Սուրիկ Խաչատրյանը, որից հետո Գորիսում վերականգնվում է արդարադատությունը, և դատարանը որոշում է, որ դպրոցի տնօրենին Սուրիկ Խաչատրյանը աշխատանքից հեռացնելու հիմքեր չունի:
«Բայց ինքը վերաքննիչում վերևինների միջոցով հասավ իր ուզածին, վերաքննիչ, վճռաբեկով հասավ նրան, որ իբր օրինական է, և ինձ հանեց աշխատանքից: Վերաքննիչ դատարանում էլ էին զարմացել, ասում էին՝ էս մի սովորական դպրոցի տնօրենի համար էսքան մեշոկներով դիմում կգրե՞ն, որ էս աղջիկը մեկ տարի է աշխատել և դպրոցը ծաղկեցրել: Չգիտեմ, ինչ որ ստից բան սարքեց….
Բացի դպրոցից ես ռազմական թղթակից եմ եղել՝ սպարապետի հատուկ ցուցումով նշանակված, պատերազմի տարածքի ամբողջ ինֆորմացիան իմ ձեռքի տակով է անցել: Պատերազմի ժամանակ ինքը ի՞նչ է արել, որ գորիսեցիներին հարցնեք, կպատմեն մեկ-մեկ …գուցե ինքը գնացել է պատերազմ, բայց ես իրան չեմ իմանում, չեմ տեսել ու չեմ լսել այդ ձևի մարդ, որ կռվել է»:
Նախկին ռազմական թղթակիցը նաև ասել է, որ Գորիսում մի քանի աղմկոտ սպանություններ կան, որոնց բացահայտումը կլինի այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանին մեկուսացնեն հասարակությունից: Այդ ժամանակ, ըստ տիկնոջ, վախեցած գորիսեցիների բերանները կբացվեն:
«Գիտեք, աղմկահարույց ու կոծկված դեպքեր կան, որ շրջապատում զրուցում են, տեղյակ են և գիտեն բոլորը: Ամբողջ քաղաքը գիտի, մտեք, և բոլորը մտերմիկ զրույցի ժամանակ կասեն ամեն ինչ:
Բայց որ ինքը ազատության մեջ է, դեռ ոչինչ պարզել չի լինի: Հենց իրեն վերցրին և ձեռքերը կապկպեցին, հատ-հատ մեկ-մեկ, ամբողջը՝ ում է վերացրել, քանի հոգու է վերացրել, ում ինչ է արել, կպատմի ամբողջ Սյունիքը: Մենակ պետականորեն չորս անգամ ինքը դատված է: Ես ինքս էլ հարազատներ ունեմ Գորիսում, պատասխանատվություն ունեմ և չեմ կարող շատ բաներ ասել, դրա համար ասում եմ՝ ինքը բռնվեց, անմիջապես ժողովուրդը կասի՝ թեկուզ վերջին տղաներին ով է սպանել, որովհետև մտածում է, որ ամենաթողություն է, և ոչինչ, միևնույն է, չի փոխվելու, խաղ է, դրա համար ժողովուրդը վախենում է ասի՝ խաղի մեջ մտնի: Հենա պաշտոնակատար են դրել իրա կամակատարին, այսինքն՝ ինքը նույն ձևով մնում է մարզպետ՝ ինչ ասի, նա պիտի անի»: