ՀՀԿ-ն Սյունիքի նոր մարզպետի թեկնածուների հարց չի քննարկել
«Բնականաբար քննարկել ենք Գորիսի դեպքերը, Սյունիքի արդեն նախկին մարզպետի հրաժարականը»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` տեղեկացնելով, որ ՀՀԿ ԳՄ նիստը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցությունը և անձամբ ինքը արդեն առիթ ունեցել են այդ հարցի շուրջ ներկայացնելու ՀՀԿ-ի տեսակետը, որը հետևյալն է. «խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, և անկախ պաշտոնից, դիրքից, բարեկամական կապերից, յուրաքանչյուր մեղավոր պետք է օրենքի խստությամբ պատժվի»:
«Ինչ վերաբերում է պարոն Խաչատրյանի հրաժարականին, ապա դուք արդեն տեղյակ եք` կառավարությունն ընդունել է հրաժարականը, Հանրապետության նախագահն էլ վավերացրել»:
Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է Սյունիքի նոր մարզպետի թեկնածուի հարցը, Է. Շարմազանովը պատասխանեց. «Որևէ նշանակման, նոր թեկնածուների հարց չենք քննարկել, չնայած մեր փոխարեն դա շատ լավ անում եք դուք` մամուլի իմ հարգարժան գործընկերներ: Նույնիսկ գործը հասել է նրան, որ հարգարժան գեներալ պարոն Ավետիսյանին ներկայացնում են որպես Հանրապետության նախագահի զարմիկ: Պետք է ասեմ, որ պարոն Ավետիսյանը Հանրապետության նախագահի զարմիկը չէ և մեծ ցանկության դեպքում նա չէր կարող լինել, որովհետև Հանրապետության նախագահը ցավոք ո´չ քույր, ո´չ էլ մորաքույր չունի»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզպետի պաշտոնից ազատվեց երեկ`հունիսի 6-ին, ՀՀ կառավարության որոշմամբ: