
ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին։ Վերջինս ճանաչողական այցով էր եկել` նպատակ ունենալով առավել հանգամանալից ծանոթանալ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ դեսպանն ասաց.
– Պատկերացնում եմ, թե որքան ծանրաբեռնված է Ձեր աշխատանքը։ Մեր գրասենյակը նախարարության հետ լավ համագործակցություն ունի տարբեր ուղղություններով, որոնք ներառված են մեր ծրագրերում և մշտապես գտնվում են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Գիտեմ, որ ԱԻ նախարարությունն իր առջև գնալով ավելի ու ավելի բարդ խնդիրներ է դնում` ընդլայնելով գործառույթները։ Այդ մասին է վկայում նաև այն, որ ձեր նախարարությունը մշտապես գտնվում է հասարակության և լրատվամիջոցներ ուշադրության կենտրոնում։ Ես շատ ուրախ եմ, որ մենք լավ բարեկամություն ենք անում և ունենք արդյունավետ համագործակցություն այսպիսի կառույցի հետ։
ԱԻ նախարար Ա. Երիցյանը, բարձրաստիճան հյուրին ներկայացնելով ԱԻՆ կառուցվածքը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու զարգացման ծրագրերը, մասնավորապես ասաց.
– Սա ապագայի նախարարությունն է, քանի որ Հայաստանում առկա են աղետների գրեթե բոլոր տեսակները, բացի ցունամիից։ Մենք աշխատանքներ ենք տանում բոլոր ուղղություններով, միշտ պատրաստ ենք համագործակցել` շարժվելով առաջ։
Նշելով, որ ԵԱՀԿ և ԱԻՆ փոխգործակցության ծրագրերից մեկը վերաբերում էր Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցին` Ա. Սորոկինը հավաստեց, որ ԵԱՀԿ կենտրոնական` Վիենայի գրասենյակը շատ լավ գիտակցում է այդ խնդրի լուծման կարևորությունը և պատրաստակամ է շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ։
Հանդիպման ավարտին ԵԱՀԿ դեսպանը, նախարար Ա. Երիցյանի ուղեկցությամբ շրջեց նախարարության մասնաշենքերում և ճգնաժամային կառավարման կենտրոնում։