ՌԴ նորանշանակ դեսպանն ԱԻՆ-ում
Այսօր ճանաչողական այցով ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը: Նախարար Ա. Երիցյանը, ողջունելով դեսպանին, ասաց.
-Ինչպես գիտեք` ԱԻ նախարարությունը երիտասարդ կառույց է, և ես արդեն երրորդ տարին է աշխատում եմ որպես նախարար: Մենք բարեկամություն ենք անում ԱՊՀ երկրների, ինչպես նաև նրանց դեսպանությունների հետ և միշտ հրավիրում ենք մասնակցելու մեր միջոցառումներին:
Նախարարությունն ունի բազմաթիվ գործակալություններ և ՊՈԱԿ-ներ, ամեն շաբաթ անցկացնում ենք խորհրդակցություն և առհասարակ անում ամեն հնարավորը` մեր երկրի բարեկեցության համար: Կարծում եմ մենք կունենանք բեղմնավոր համագործակցություն` մանավանդ որ ԱԻ նախարարությունը Ռուսաստանում ունի երկու ներկայացուցիչ, և ամեն տարի ԱԻՆ մի քանի աշխատակից մեկնում է ուսանելու ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում։
ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, մասնավորապես ասաց.
– Ես եկել եմ Հայաստան բաց սրտով և կներդնեմ իմ լուման արդեն ստեղծված պատշաճ մակարդակի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Ձեր աշխատանքային գործունեության ոլորտը շատ լայն է: Դուք կուտակել եք միջազգային մեծ փորձ, ունեք մեծ կառույց, որտեղ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է:
Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր երկկողմ բարեկամությունը, որը դրական է նաև երրորդ երկրների համար: Միասին կարող ենք օգնություն և աջակցություն տրամադրել ճգնաժամային իրավիճակներում: Ես հիշում եմ Սպիտակի երկրաշարժի տարին և պետք է փաստեմ, որ փոփոխությունը հսկայական է: Այն ժամանակ չկար արտակարգ իրավիճակների նախարարություն: Հիմա օգնությունը ճգնաժամային իրավիճակներում իրականացնում եք արագ և արդյունավետ: Ես կցանկանայի, որ մենք հաճախ հադիպենք: Ես ձեր տրամադրության տակ եմ, կարող եք դիմել ցանկացած հարցով, ցանկացած պահի:
ՌԴ դեսպանը շրջեց ԱԻ նախարարության տարածքում, ծանոթացավ շենքային պայմաններին, տեսավ նորագույն տեխնիկական միջոցներով հագեցած խորհրդակցությունների դահլիճը, այցելեց ճգնաժամային կառավարման կենտրոն: