Բաժիններ՝

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշի հետ

Ռիգայում հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Լատվիայի նախագահ Անդրինս Բերզինշը:

Ողջունելով Հայաստանի ԱԺ նախագահին և պատվիրակության անդամներին` Լատվիայի նախագահը բարձր գնահատեց հայ-լատվիական փոխգործակցության ներկա մակարդակը, Հայաստանի և Լատվիայի  միջև հաստատված հարաբերությունները, որոնք կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար: Երկկողմ կապերը խորացնելու առումով Անդրինս Բերզինշը կարևորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական կապերի  հետագա զարգացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, նաև համագործակցության խորացումը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում: Այս համատեքստում  Լատվիայի նախագահը կարեւորեց կոնկրետ ծրագրերի  իրականացումը: Նախագահ Բերզինշը ընդգծեց, որ Լատվիան սատարում է Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում և առաջարկեց Լատվիայի աջակցությունը ու փորձը այս հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ Հայաստանի իշխանություննրը մեծ կարեւորություն են տալիս Բալթյան երկրների և, մասնավորապես,  Լատվիայի հետ բարձր մակարդակի շփումներին և  գոհունակությամբ նշեց, որ  վերջին ժամանակաշրջանում հայ-լատվիական քաղաքական օրակարգը բավական հագեցած է եղել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր այցի ընթացքում Լատվիայի Սաեյմայի ղեկավարի  հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել խորհրդարանների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, իսկ վարչապետի հետ հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է  տնտեսական հարաբերություններին երկարաժամկետ և փոխշահավետ բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:  Պարոն Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների և խորհրդարանների հետ հարաբերությունների զարգացմանը, իսկ Արևելյան գործընկերությունը որակական այլ հարթություն է տեղափոխում եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը` նոր հեռանկարներ բացելով Հայաստանի համար և այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը  և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը կարեւոր հիմք կհանդիսանան փոխհարաբերությունների հետագա խորացման համար:  Հայաստանի խորհրդարանի ղեկավարը  կարևորեց երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացումը, այս համատեքստում նշելով, որ դրանց մակարդակը չի արտացոլում  համագործակցության համար առկա ներուժը: Նա կարևորեց միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի: Պարոն Աբրահամյանը շեշտեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` խաղաղ բանակցությունների արդյունքում: Լատվիայի  նախագահը  նույնպես կարևորեց հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, երկուստեք կարևոր համարվեց միջազգային կառույցներում համագործակցության խորացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս