Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն:
Տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզին, դեսպանատան աշխատակիցներին, մաղթել նրանց հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Նախագահը վերահաստատել է մեր երկրի ցանկությունը և պատրաստակամությունը՝ Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զարգացնելու և գոհունակությամբ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացել է: Կայացած վերջին բարձրաստիճան այցելություններից Նախագահն առանձնացրել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի մշտական փոխքարտուղար Սայմոն Ֆրեյզերի և օրերս տեղի ունեցած արքայազն Չարլզի այցելությունը, ում մասնակցությունը և հովանավորությունը «Երևան, իմ սեր» ծրագրին, Նախագահի հավաստմամբ, հայ ժողովրդի կողմից գնահատվում է ոչ միայն սոսկ որպես բարեգործական ակցիա, այլ որպես արքայական ընտանիքի վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, և հայ ժողովուրդը բարձր է գնահատում այդպիսի վերաբերմունքը:
Դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզը նշել է, որ լիովին համաձայն է երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականին և կարևորել քաղաքական հարաբերություններին զուգահեռ տնտեսական փոխգործակցության զարգացումը:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ քաղաքական հարաբերություններն ավելի ամուր կարող են լինել տնտեսական արդյունավետ փոխգործակցության հիմքի վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Ջեյմս էյվզն այդ համատեքստում քննարկել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: