Իշխանությունները ցանկանում են քողարկել իրական հանցագործին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրած պատգամավորական հարցումներից և ոչ մեկի համար պատասխան չի ստացել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Զ. Փոստանջյանը: Նա նաև իր մտահոգությունը հայտնեց Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների երեկ տարածված տեսագրության կապակցությամբ: Պատգամավորն ընդգծեց նաև, որ Կառավարությունը սխալ է թույլ տվել, երբ իր կայքում տեղադրել է տեղեկատվություն այն մասին, թե վկաները մեկնաբանում են տեսանյութը: Ըստ նրա՝ տեղադրելով առանձնատան կողքին տեղի ունեցածի տեսանյութը, ինչ-որ մեկը թելադրում է, փորձում է շեղել նախաքննության ընթացքը: «Ես Սոնա Տռուզյանից (ՀՀ գլխավոր դատախազության մամլո խոսնակից,- Տ.Մ.) տեղեկացա, որ փորձաքննության փուլում գտնվելով, նման հրապարակումն անթույլատրելի է: Ես էլ՝ որպես փաստաբան, հասկանում եմ, որ կան փորձաքննություններ, որոնց արդյունքներն արագ ստանալ հնարավոր չէ: Նրանք, կարծում եմ, ցանկանում են կողմնորոշել նախաքննական մարմնի աշխատանքը, հասարակական կարծիքը ձևավորել այնպես, ինչպես ձեռնտու է իրենց: Արդյոք այդ նյութով չե՞ն ցանկանում քողարկել իրական հանցագործին՝ չգիտեմ: Սուրեն Խաչատրյանի տանից մեծ քանակությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել, նա հայտնի է իր բռնարարքի կոչերով, երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ քնած չլիներ՝ քսան հատ կշահեր, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին է սպառնացել՝ ասելով՝ գլուխը կջարդեմ, և այլն: Եվ այս ամենը հաշվի առնելով, ըստ իս, և չունենալով մեղադրյալի կարգավիճակ, չլինելով կարգավորված, ազատության մեջ, նա խանգարում է գործի քննությանը և կարող է հանրության համար վտանգավոր լինել»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաև մամուլում տարածված տեղեկություններին, թե ԱԺ հատուկ նիստին չմասնակցելուց հետո պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվել: Զարուհի Փոստանջյանն այս առնչությամբ հայտնեց, որ ինքը հիմա փորձում է պարզել՝ նման դեպք եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև ինֆորմացիային ծանոթացել է լրատվամիջոցների միջոցով: Նա նշեց, որ գրավոր հարցեր է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին, դեռ պատասխան չի ստացել, ու շեշտեց, որ, եթե հիմքեր չլինեն նման գործողության համար, ինքը կդիմի դատարան, որովհետև նիստերին գնալ-չգնալու համար, պատգամավորի համոզմամբ, իրենք ունեն իրավունք: