Սերժ Սարգսյանը գիտի, թե ում է նշանակելու Սյունիքի մարզպետ. մամուլ
«Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի համար մեծ մարաթոնն սկսված է: Հիմնական հավակնորդը տեղացի, Սերժ Սարգսյանի զարմիկ, զինվորական Վարդան Ավետիսյանն է, որի շանսերն ամենաբարձրն են գնահատվում` Սյունիքին ուժեղ բռունցք է պետք, վենդետայի ցավով բռնկված Գորիսին՝ էլ ավելի, որպեսզի դեպքերն անցանկալի շարունակություն չունենան: Գումարած` Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի կարևորությունը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.
«Հավակնորդների թվում է նաև կապի և տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը. գորիսա-սիսիանյան ծագմամբ, 2004-ի կողմերը նա գրեթե նշանակվել էր Սյունիքի մարզպետ, Քոչարյանը կանչել էր՝ ասել, որ գնում ես մարզպետ, սակայն վերջին պահին Սուրիկ Խաչատրյանը կարողացել էր «ատբիտ» անել:
Թեկնածուների թվում են «Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը, սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը (վերջինս նույնպես կապանցի է), Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենայինի տնօրենի որդին, որն ասել է` ես արյան վրա պաշտոնի գնացող չեմ: Չնայած ոմանք պնդում են, թե Մաքսիմն ուզում է, որ որդին մարզպետ դառնա:
Որքան էլ պարադոքսալ` տրվում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի անունը, ինչը քիչ հավանական է: Այս նշանակման վրա կարող է ազդել Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ծնունդով կապանցի Սևակ Լալայանը:
Այնուհանդերձ, բոլոր կողմերը մեկ բանում համոզված են` Սերժ Սարգսյանը գիտի, թե ում է նշանակելու, ու որոշումը, ըստ ամենայնի, կհրապարակի այսօր տեղի ունենալիք ԳՄ նիստի ժամանակ:
Շարունակությունը կաող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: