Նախաքննությունն ուղղորդելու փորձ
Այսօր Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում հայտարարության տեքստ է տեղադրվել: «Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» ստորագրությամբ տեքստում փորձում են պաշպանել իրենց ղեկավարին: Մինչ մարդասպանությամբ ավարտված միջադեպի մասին պաշտոնական շրջանակները լռում են, նախաքննության գաղտնիության քողի տակ, Սյունիքի մարզպետարանն ակնհայտ փորձում է հասարակական կարծիք մշակել: Սա նաև նախաքննությունն ուղղորդելու ակնհայտ փորձ է: Մեր իրավապահները ամենասովորական քրեական դեպքի առիթով կալանում ու ձերբակալում են միջադեպի մասնակիցներին և հասարակությանը բացատրում են, որ կալանքը խափանման միջոց ընտրել են որպեսզի հնարավորություն չտան նախաքննության վրա ազդելու: Իսկ այս պարագային Սուրեն Խաչատրյանի լիազորություններն անգամ ժամանակավորապես չեն կանխակայվել: Ազդեցիկ պաշտոնյան պետական ապարատի իրեն ենթակա ողջ զինանոցը հիմա ուղղորդել է իրեն ու իր ընտանիքը տուժող կողմ դարձնելու գործին: Բարդ չէ ենթադրելը, որ նույն գործին է լծված մարզպետի ողջ աշիրաթը, որ տարիներ շարունակ ահ ու սարսափ է տարածել ոչ միայն Սյունիքի մարզում: Տարածած հաղորդագրության մեջ հետաքրքիր բացթողումներ կան: Ոշադրություն դարձրեք՝ տեքստում գրված է, որ հերթով տուն են գալիս նախ մարզպետի երկու որդիները՝ ժամը 22-ի սահմաններում, ապա մարզպետը՝ ժամը 22:16: Հետո գրված է . «ժամը 22:36 իր տան բակին մեքենայով մոտենում է Ավետիք Բուդաղյանը»: Եվ այդ պահին մարզպետի երկու որդիները, որ ըստ տեքստի նախորդ հատվածի տանն էին, չգիտես ինչպես հայտնվում են Բուդաղյանի բակի մոտ ևս երեք անձի՝ մարզպետի վարորդի, Նիկոլայ Աբրահամյանի և Զարզանդ Նիկողոսյանի հետ: Հայտնվում ու վիճելու պես բան են անում: Հետագա նկարագրությունից պարզ չէ` Ավետիք Բուդաղյանը ի՞ր, թե՞ մարզպետի տան բակին է մոտեցել առաջին անգամ: Ըստ տեքստի՝ հետո մեքենայով հեռացել ու կրկին մոտեցել է: Մեկ երկու րոպեից հայտնվում է գնդապետ Արտակ Բուդաղյանն ու կրակ բացում: Շարունակությունը ավելի մղձավանջային է: Լավագույն սպայի և գնդի հրամանատարի համբավ ունեցող զինվորականին անվարկելու դասական օրինակ: Հատկապես, որ նա հայտնի պատճառներով իր պատիվը պաշտպանելու հնարավորություն չունի: Մեր իշխանություններն ու հասարակությունը կարծես կամաց-կամաց համակերպվում են այն մտքի հետ, որ մեր սպաները սպորտային համազգեստով գինովցած «Հարսնաքար» ռեստորան մտնողներ են ու անկանոն հրաձգություն սկսողներ: ՀՀ նախագահի ասած «գաղջ մթնոլորտը» հավանաբար նման կերպ են ձևավորում:



