Amazon-ը կզբաղվի սննդամթերքների առաքմամբ
Վերջին հինգ տարիներին Amazon-ից մթերքներ պատվիրելու հնարավորություն ունեին միայն Սիեթլի բնակիչները: Ընկերությունը փորձարկում էր ծառայությունը երկար ժամանակ` օնլայն պատվերների առաքման համար օգտագործելով իր բեռնատար մեքենաները:
Ինչպես հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին, այժմ Amazon-ը պատրաստվում է ընդլայնել իր առաքման շրջանակները՝ ներառելով դրանց մեջ` Լոս-Անջելեսը և Սան-Ֆրանցիսկոն: Եթե փորձարկումը հաջող ընթանա, ապա 2014 թվականին AmazonFresh ծառայությունը հասանելի կդառնա 20 քաղաքներում, այդ թվում՝ Միացյալ նախանգներից դուրս:
Նշվում է, որ այսպիսով ընկերությունը նոր ուղիներ է փնտրում իր եկամուտները բարձրացնելու համար: Իսկ այդ գործում կարող է օգնել մանրածախ մթերային բիզնեսը, որից ստացված հասութը ԱՄՆ-ում 2012 թվականի արդյունքներով կազմել է 568 մլրդ դոլար:
Իսկ թե արդյոք միայն Սիեթլի բնակիչների համար մթերքներ պատվիրելու հնարավորությունը շահույթ բերե՞լ է ընկերությանը, թե ոչ, այդ մասին ոչինչ չի հաղորդվում: