Սուրեն Խաչատրյանը հերքում է Վլադիմիր Գասպարյանին
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հարցերին պատասխանելով մեկ անգամ ևս հաստատել էր իր վերաբերմունքը Սյունիքի մարզպետի մասին: «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Սուրեն Խաչատրյանը մարզպետ էր, այլ ոչ թե գողական» – ասել է Վլադիմիր Գասպարյանը և ավելացրել «Գողական ասելով ես այլ բան եմ պատկերացնում՚:
Ոստիկանապետը նաև նշել էր, որ ինքն ի պաշտոնե պարտավոր է հարգել անմեղության կանխավարկած կոչվածը և որպես իրավաբան ինքն իրավունք չունի այս պարագայում հայտարարել՝ մարդը կրիմինա՞լ է, թէ՞ ոչ: Ոստիկանապետի կարծիքի հրապարակումից մեկ – երկու ժամ հետո մեր լրագրողին հաջողվեց հարցազրույց վերցնել մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Այն բառացիորեն հերքում է ոստիկանապետի կարծիքը:
Իր ընտանիքի հետ կապված մարդասպանության դեպքը բացատրելիս Սյունիքի մարզպետն ինքն է հարց ուղղել լրագրողին. «Եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր…. պետք է չէ՞ պաշտպանվես»: Սույն՝ զուտ ղաչաղին վայել մտքի վրա հրավիրում ենք ոստիկանապետի ուշադրությունը: Ցանկացած քաղաքացի, ում տան վրա հարձակվում են, առաջին բանը, որ կանի` ոստիկանություն զանգահարելն է:
Հետո նոր միայն ինքնապաշտպանական միջոցառումներ ձեռնարկելը: Ոստիկանությանը չի դիմի միայն գողականը, որովհետև նրա աշխարհայացքում ոստիկանությանը դիմելը «պիտնո է»: Իսկ տարիներ շարունակ պետական բարձր պաշտոն զբաղեցնող Սուրեն Խաչատրյանի մտքով անգամ չի անցնում, որ նման պարագայում կարելի է ոստիկանություն դիմել: Անգամ դեպքից հետո:
Այսօրվա ճեպազրույցի վերջում Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին ու լրատվամիջոցներին խնդրել էր իր կողքին կանգնել կրիմինալի դեմ պայքարի գործում: Ընդունելով ու հարգելով ոստիկանապետի հորդորը՝ նրան խնդրում ենք այս հրապարակումն ընդունել որպես տեղեկատվական աջակցություն: Աջակցություն այն հարցում, թե իր մտածողությամբ ու գործողություններում ինչպես է պարզ քաղաքացին տարբերվում գողականից: