Արմեն Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին, որ Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում առաջարկվում է սկսել նոր ծրագիր, որն ուղղված է լինելու տարածքների զարգացմանը: Ծրագրի նպատակն է նպաստել մարզերում եւ համայնքներում տնտեսական նոր հնարավորությունների, աշխատատեղերի ստեղծմանը, տարածքները գրավիչ դարձնել` մասնավոր ներդրումների ներգրավման, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար:
Նշվեց, որ առաջիկայում հայկական կողմի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել մարզերի տնտեսական հնարավորությունների ուսումնասիրություն, որից հետո կներկայացվի գործողությունների պլան: Զուգահեռ կուսումնասիրվեն նաեւ մարզերում զբոսաշրջային զարգացման հնարավորությունները:
Ա. Գեւորգյանը ողջունեց նախաձեռնությունը` նկատելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը եւ առաջիկայում նախատեսվող բարեփոխումների համատեքստում է: Նա տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման նախարարությունը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել նախապատրաստական աշխատանքներին եւ կարեւորեց դրանք սեղմ ժամկետներում իրականացնելու հանգամանքը:
Կողմերը քննարկեցին նաեւ ծրագրի իրագործման ժամկետների, առաջընթացն ապահովող հնարավոր տարածքների եւ բնակավայրերի ընտրության, ինչպես նաեւ` իրականացման մեխանիզմների հետ կապված հարցեր: