Ամեն ինչ կորոշի դատարանը. Էդուարդ Շարմազանով
«Խնդիրը իրավական տիրույթում է եւ հայցադիմում է ներկայացվել համապատասխան մարմիններին: Իմ ոճի մեջ չի եղել երբեք իրավական խնդիրներին մեկնաբանություն տալ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Հետքի՝ մայիսի 29-ի «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով հետաքննական հոդվածը:
Հիշեցնենք, որ հոդվածում ասվում էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Եթե Հետքի հրապարակումը հաստատվի, ի՞նչ է սպասվում վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցին, Էդուարդ Շարմազանովն արձագանքել է. «Այնուամենայնիվ, ամեն ինչ կորոշի դատարանը: Եթե արդեն կա հայցադիմում համապատասխան իրավապահ մարմիններին, հետեւաբար սպասենք դատարանի վճռին եւ գործի քննությանը»: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ իր լիազորություններից դուրս է խոսել այդ երեւույթների մասին: Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնական եկամուտները վերջին տարիներին շեշտակի աճել են հարցին Էդուարդ Շարմազանովը տվել է հետեւյալ պատասխանը. «Վարչապետը ներկայացրել է՝ իր ունեցվածքը ինչու է աճել: Կարծում եմ, եթե որեւէ քաղաքացու մոտ կա հարցադրում կամ ավելին՝ վկայություն կամ փաստեր, որ այդպես չի, կարող է դիմել դատական մարմիններին, եւ դատական մարմինները ցանկացած պաշտոնյայի վերաբերյալ, անկախ նրանից Շարմազանովն է, վարչապետն է կամ Պողոսն է, թե Պետրոսը, բնականաբար, օրենքով սահմանված կարգով այդ խնդրին պետք է տա պատասխան: Մենք պետք է գիտակցենք, որ դատական իշխանությունը մեր երկրում առանձին իշխանություն է գործադիրից եւ օրենսդիրից»: