«Գործող ռեժիմը ցանկանալու է PR ակցիա կազմակերպել իրենց թագավորի համար»

«Սուրեն Խաչատրյանը դեռ հրաժարական չի տվել մարզպետի իր պաշտոնից, դա կեղծ և Բաղրամյան 26-ից շարադրված հայտարարության տեքստ է, որտեղ չի ասվում, որ հրաժարականի դիմում է ներկայացնում, այլ խոսվում է այն մասին, որ նա ժամանակավորապես դադարեցնում է իր պարտականությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նկատեց «Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնողներից մեկը` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությանը, թե ինքը որոշել է մինչև նախաքննության ավարտը թողնել մարզպետի իր լիազորությունները:

Ի պատասխան մեր այն հարցին, թե որքանո՞վ ազդեցիկ կլինի ֆեյսբուքյան նախաձեռնությունը և արդյոք հասարակական արձագանքը կդառնա՞ դրված պահանջների բավարարման պատճառ, Դավիթ Սանասարյանը նկատեց. «Իմ կարծիքով քաղաքացիական ակտիվիստը, պետք է ոչ թե գուշակությամբ զբաղվի ու ասի` արդյոք հրաժարական կտա՞ այս կամ այն պաշտոնյան կամ արդյոք վերջինս քրեական պատասխանատվության կենթարկվի՞, այլ` կոնկրետ քայլեր իրականացնի` սեղանին դրված խնդրին լուծում տալու համար: Այս պարագայում մենք մեր առաջ ձևավորել ենք խնդիր: Ճիշտ է դեռ ռազմավարություն  և մարտավարություն չունենք մշակած, բայց առաջիկա օրերի ընթացքում կզբաղվենք նաև այդ հարցերով»:

Նա շեշտեց, որ իրենց սկզբունքային ու հետևողական պայքարի արդյունքում ոչ միայն պետք է պահանջ դնել Ս. Խաչատրյանին պաշտոնից ազատելու, այլև` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչին, Դ.Սանասարյանի կարծիքով, գործող իշխանությունները հակված չեն:

Ըստ Դ. Սանասարյանի` Գորիսում տեղի ունեցածը նորություն չէր Հայաստանում և բնութագրում է գործող ռեժիմն ամբողջությամբ: Նրա գնահատմամբ, այն ցույց է տալիս թե ինչ կադրային «հարստությամբ է փայլում» Հայաստանը: «Երկրում տեղի ունեցող անպատժելիության ու ամենաթողության մթոնոլորտի սնողները ռեժիմի հենասյուններ հանդիսացող պաշտոնյաներն ու թաղային հեղինակություններն են: Սուրիկ Խաչատրյանը բազմիաթիվ անգամներ է փայլել իր հակաօրինական գործունեությամբ, չեմ ցանկանում մանրամասնել դրանք, բայց այդ բոլոր դեպքերի հետևանքներից մեկը Սյունիքի մարզում վախի մթնոլորտի առկայությունն է, որի արդյունք էլ նաև այս ողբերգական դեպքն է»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չպետք է թողնեն, որ այս դեպքն էլ «շոու»-ի նմանեցվի, ինչպես ցանկանում էին անել «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի պարագայում: «Իհարկե գործող ռեժիմը ցանկանալու է PR ակցիա կազմակերպել իրենց թագավորի (նկատի ունի Սերժ Սարգսյանին,-Տ.Մ.) համար, բայց եթե կարողանում է դա կազմակերպել ու մենք չենք կարողանում ցույց տալ այդ լարախաղացությունը, նշանակում է `խոսելու տեղ չունենք: Այո, եթե մենք հետ կանգնենք ու գուշակությամբ ասենք, թե  Լիցկային կհանի կամ չի հանի, իհարկե, իրենք էլ դա կներկայացնեն որպես «Սիրուն չի…»-ի գրական շարքից մի հատված»,- ընդգծեց նախաձեռնողներից մեկը:

Ի դեպ, այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում նախաձեռնության անդամները քննարկում են ծավալելու` հետագա ռազմավարության մշակման համար:

Տեսանյութեր

Լրահոս