Բաժիններ՝

«Նացիստներից բացի բոլորը կարող են մասնակցել բացօթյա ֆոտոսեսիային»

Հուլիսի 7-ին` Վարդավառի օրը, արդեն երրորդ տարին անընդմեջ դիզայներ Արա Ասլանյանը կազմակերպելու է բացօթյա ֆոտոսեսիա:

168.am-ի հետ զրույցում դիզայներն ասում է, որ ֆոտոսեսիան տեղի կունենա, Սիրահարների այգում: Ժամի մասին Արան հետագայում կտեղեկացնի:

«Բացօթյա ֆոտոսեսիան հիմնականում կազմակերպում եմ ես, բայց հիմա զուգահեռաբար հանդիպում եմ մի քանի անձանց ու կազմակերպությունների հետ, որոնք գուցե ինձ միանան թե՛ կազմակերպչական, թե՛ միջոցառման հարստացման նպատակով»,- ասում է Արա Ասլանյանը:

– Արա, ի՞նչ է սպասվում հուլիսի 7-ին: Ի՞նչ միջոցառումներ են տեղի ունենալու:

– Հիմնական միջոցառումը բաց ֆոտոսեսիան է, այսինքն` կգան մարդիկ ու կնկարվեն նախօրոք պատրաստած մի սյուժեում: Սրա մասին հետագայում ավելի մանրամասն կասեմ: Բացի դրանից էլ շատ եմ ուզում, որ լինեն հարակից ինչ-որ միջոցառումներ, հեթանոսական մի քանի հետաքրքիր ավանդույթների ինտերպրիտացիաներ, օրինակ` Աստղիկ աստվածուհու հետ կապված հետաքրքիր ինչ-որ բան: Շատ եմ ցանկանում նաև այս ամենի մեջ ընդգրկել բարեգործական էլեմենտ, օրինակ` նկարվողները, ըստ իրենց ցանկության, կարող են X գումարի դիմաց հենց տեղում ստանալ իրենց լուսանկարները «postcard» տեսքով, իսկ հավաքված գումարը ամբողջությամբ կհանգանակվի: Ճիշտ է` այս օրինակը դեռ միայն օրինակ է, քանի որ շատ տեխնիկական բաներ կան, որոնք դեռ պետք է կազմակերպեմ: Այդ պատճառով էլ` դեռ վստահ չեմ ուզում հայտարարել այսպիսի բան, որ եթե հանկարծ չստացվի, մարդիկ չհիասթափվեն:

– Իսկ ֆոտոսեսիային յուրաքանչյուր մարդ կարո՞ղ է մասնակցել:

– Նացիստներից բացի բոլորը կարող են (ծիծաղում է)

– Այս տարվա միջոցառումն ինչո՞վ է տարբերվելու նախորդ տարիներին կազմակերպած միջոցառումներից:

– Այս տարի շեշտը ավելի շատ դրված է այն հին ավանդույթների վրա, որոնք պակասում էին նախորդ տարիներին: Այսինքն` այս տարի ուղղակի «ջուր ցանոցի» չենք անելու, այս ամենին կավելացնեմ նաև մի քիչ հոգու և մտքի սնունդ: Դե ինչպես ասացի նախորդ հարցի ժամանակ, զուգահեռաբար կլինեն մի քանի միջոցառումներ ևս:

– Ինչպիսի՞ն է մարդկանց ներգրավածությունը նմանատիպ ֆոտոսեսիաներին։

– Մարդկանց ներգրավածությունն ամենակարևորն է, քանի որ հենց իրենց հիմքի վրա եմ փորձում ամեն ինչ անել: Առանց նրանց ներգրավածության ոչինչ չի ստացվի: Պատկերացնո՞ւմ եք կազմակերպենք ֆոտոսեսիան, ամեն ինչ բերենք, պատրաստ նստենք ու մարդ չգա …

– Արդեն ինչպիսի՞ արձագանքներ եք հասցրել լսել:

– Եթե փորձեմ բոլոր արձագանքները մեկ բառով ներկայացնել, ապա կստացվի` «սպասում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս