Սուրեն Խաչատրյանը խուճապի մեջ է. նրան պատկանող շինություններում մեծ քանակի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Այսօր՝ հունիսի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության Հատուկ նշանակության ջոկատի (СПЕЦНАЗ) աշխատակիցները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի, Սիսիանի և Կապանի բաժինների ծառայողների հետ Սյունիքի մարզում՝ մի խումբ անձանց տներում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնական զինամթերքը հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ, Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների բնակարաններում, օբյեկտներում։

Հայտնաբերված ամբողջ զենք-զինամթերքը քննչական խմբի կողմից ընթերականների ներկայությամբ առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են և ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզվի, թե արդյոք նշված հրազենները օրինական են, թե ոչ, և այն օգտագործվել է այսօր՝ կեսգիշերին, Գորիսում հնչած կրակոցների ժամանակ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը գտնվում է գունատ ու վախեցած վիճակում:

Նշվում է, որ ոստիկանությունն առգրավել է նաև մարզպետի տան դիմաց տեղադրված տեսախցիկների տեսագրությունը։ Ի դեպ, և՛ ոստիկանները, և՛ շարքային գորիսեցիները կարծում են, որ մարզպետի կողմից բեմականացված շոու է այն, որ երբ ոստիկանները ժամանել են նրա տան մոտ, նա մի քանի րոպե անց դուրս է եկել տանից և հայտարարել. «էս ինչ հաշիվ ա»։

Մեծ թվով գորիսեցիներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում հույս են հայտնել, որ Սյունիքի մարզում վախի մթնոլորտը կվերանա, և  մարզպետը պատասխանտվության կենթարկվի կատարած հանցագործությունների համար։

Մինչև այս պահը Գորիսում են գտնվում ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս