Բաժիններ՝

Տարածաշրջանային կենտրոն` Լուսակերտում

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ:
Շրջայցի հիմնական նպատակն էր ծանոթանալ վարժահրապարակի կառուցապատման և վերանորոգման աշխատանքների ընթացքին։
Վերջերս Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում տեղի ունեցած Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի հետ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան դարձնել տարածաշրջանային ուսումնական կենտրոն:

Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի` ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային ուսումնավարժություններ անցկացնելու համար։

2012 թ. հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» և «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։

Այս տարվա մի քանի ամիսների ընթացքում վերանորոգվել են ուսումնական բազայի հյուրանոցի տանիքն ու մեկ հարկը, որտեղ կարող է հյուրընկալվել շուրջ 50 մարդ: Շենքն արդեն ապահովված է էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման համակարգերով, պատրաստ են սենյակները, սանհանգույցներն ու խոհանոցները, փոխվել են դռներն ու պատուհանները: Ընթացքի մեջ են արտաքին հարդարման աշխատանքները:

ԱԻ նախարար Ա. Երիցյանը գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների որակից և հանձնարարեց շուտափույթ սկսել հյուրանոցի կահավորման աշխատանքները, որպեսզի ՀՀ մարզերից, Արցախից և արտերկրից ժամանած մեր գործընկերները կարողանան այնտեղ գիշերել և գործնական պարապմունքներ անցկացնել վարժահրապարակում:
Երկրորդ հարկը նորոգելուց հետո հյուրանոցը կարող է պատշաճ մակարդակով ընդունել գրեթե 100 մարդ: «Լուսակերտ» ուսումնական կենտրոնը կունենա նաև մարզասրահ, առանձին տնտեսական պահեստ և մեծ ճաշասրահ` մոտ 200 մարդու համար: Կարգի է բերվել ուղղաթիռի հրապարակը: Իրականացվել են կանաչապատման լայնածավալ աշխատանքներ և ծառատունկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս