Բաժիններ՝

Պաշտպանները չհասցրեցին բողոքարկել Արկադի Վարդանյանին կալանավորելու որոշումը

Արկադի Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանը՝ փաստաբան Նարինե Ռշտունու փոխարեն, որի ծառայություններից մեղադրյալը հրաժարվել էր: Մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստության մեջ մեղադրվող Արկադի Վարդանյանի նոր պաշտպան Գայանե Գալոյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է, որ չի բողոքարկելու իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը, որովհետև նրա պաշտպանությունը ստանձնելու պահին բողոքարկման ժամկետը սպառվել էր:

Նախորդ պաշտպան Նարինե Ռշտունին ևս չէր հասցրել Վերաքննիչ քրեական դատարան բողոքարկել իր պաշտպանյալին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ա.Վարդանյանի՝ իր ծառայություններից հրաժարվելու պատճառով:

Ըստ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, Երևանում ձերբակալվել էին Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը՝ Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի, Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս