Արթիկ քաղաքում 37-ամյա ամուսինը խեղդամահ է արել 27-ամյա կնոջը

Այսօր՝ հունիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Արթիկի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ կանչով մեկնելով Լմբատ 1 փողոցի 35 շենք՝ բնակարաններից մեկում հայտնաբերել են աղջկա դի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես Արթիկից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բնակարանում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է, որ մահացածը ՌԴ քաղաքացի 27-ամյա Ցողիկ Այվազյանն էր, ում ամուսինը ոստիկաններին հայտնել է, թե կինը հանկարծամահ է եղել, սակայն կարճ ժամանակում Արթիկի ոստիկանները պարզել են իրականությունը:

Նշվում է, որ ընտանեկան և անձնական խնդիրներ ունենալու հետևանքով ամուսինները հաճախակի են վիճաբանել իրար հետ, իսկ գիշերը հերթական վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ ամուսինը խոհանոցում կնոջը գցել է հատակին և խեղդամահ արել:

Ըստ տեղեկությունների, կինը փորձել է դիմադրություն ցույց տալ, դանակով հարվածել է ամուսնու թևին, ով թեթև մարմնական վնասվածք է ստացել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամուսինը՝ 37-ամյա Արտյոմ Ղազարյանը արդեն խոստովանական ցուցմունք է տվել և պատմել դեպքի հանգամանքները: Ա. Ղազարյանը աշխատում է Արթիկ քաղաքում գործող գազալցակայանում՝ որպես լիցքավորող:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր-ի 104 հոդված (Սպանություն) հատկանիշներով: Ա. Ղազարյանը ձերբակալված է:

Տեսանյութեր

Լրահոս