
Սպանված Լյուքս Ստեփանյանի հետ վիրավորված զինծառայողը սկսել է ինքնուրույն շնչել. մամուլ

«Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած լեզվակռվի հետևանքով զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանի կրակոցից 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանից բացի, որը տեղում մահացավ, ծանր վիրավորվերց նրա տարեկից Հրաչյա Սարգսյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Արդեն 16 օր է Հրաչյա Սարգսյանը գտնվում է զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Հրաչյա Սարգսյանի հայրը՝ Վաղինակը, երեկ «Ժամանակին» հայտնեց, որ որդու առողջական վիճակը գնալով ավելի է լավանում: Հրաչյա Սարգսյանն արդեն սկսել է շնչել ինքնուրույն: Թեև դեռ չի խոսում, սակայն ձեռքի շարժումներով հասկացնում է՝ ինչ ուզում:
Վաղինակ Սարգսյանը նշեց, որ հետվիրահատական ընթացքն այլևս մտահոգիչ չէ, որդու կյանքին վտանգ չի սպառնում: Մեր հարցին՝ Հրաչյան ամբողջովին գիտակցության եկե՞լ է, հայրը պատասխանեց. «Կարելի է ասել՝ գրեթե ամբողջովին, չեմ ասում ամբողջովին, քանի որ դեռևս դեղերի ազդեցության տակ է, դեռևս նրան ցավազրկողներ են տալիս»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում: