Խփել ու հայհոյել են ոստիկանությունում. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ կեսգիշերին մոտ խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղի ունեցած մի դեպքի մասին: Այստեղ բռնության է ենթարկվել, ապա հիվանդանոց տեղափոխվել 52-ամյա Հովհաննես Էլոյանը: Վերջինս ոստիկանությունում է հայտնվել մի աննշան դիպվածի պատճառով:
Էլոյանը մասնավոր տաքսիստ է: Ժամը 16-ին մոտ Զեյթունում գտնվող «Երևան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը, իսկ ուղևորուհին նստել մեքենան ու շարժվել են:
Տեղ հասնելով՝ կինը վճարել է ուղեվարձը, շնորհակալություն հայտնել և մոռանալով իր իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել: Իրերի մասին մոռացած է եղել նաև վարորդը: Մոտ մեկ ժամ անց նրան զանգահարել են, ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում և առաջարկել գնալ նույն սուպերմարկետի մոտ:
Այդ ժամանակ Էլոյանը թոռնուհուն պարի պարապմունքից տուն տանելիս է եղել: Շուտով նա մոտեցել է խանութին: Այստեղ նրան ասել են, թե իրերի տերը հիմա կգա, կվերցնի: Սակայն Էլոյանը հիշելով, թե ուր էր տարել հաճախորդին, գնում է հենց տան բակ:
Այստեղ կանգնած են լինում այդ կինը և ևս երկու երիտասարդ, որոնք չեն թողնում, որ իրերը նա իջեցնի ու մեքենայով հանդերձ նրան տանում են ոստիկանության բաժին:
«Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ»,- մեր հետ զրույցում պատմեց Էլոյանը: Վերջինս սրտի հիվանդություն ունի, որը նյարդային այդ իրավիճակից սրվել էր: Շտապօգնության մեքենա են կանչել, որին, սակայն, երկար ժամանակ թույլ չեն տվել Էլոյանին տեղափոխել հիվանդանոց»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: