Գարեգին Չուգասզյան. «Ոչ թե մկան, այլ մկնիկի ուժով շաղգամը դուրս է գալու»

Այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարան քաղաքացիական շարժումը հանդիպեց քաղաքացիների հետ, որի նպատակը «Հայաստանում նորգաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզի» քննարկումն էր: Նախախորհրդարանի ճանապարհային քարտեզը ներկայացրեց շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը:

«Այս ծրագրի հիմքում գլխավոր մեխը դա ժողովրդի կողմից հանրաքվեի կազմակերպման, ժողովրդի կամքի արտահայտման միջոցով նոր իշխանությունների ձևավորումն է: Սա անելու համար մենք տեսնում ենք 4 հիմնական քայլ. առաջին քայլը ժողովրդի կազմակերպումն ու ինքնակազմակերպումն է` որպես մի դիմադրական ցանց` ամբողջ Հայաստանի և սփյուռքի տարածքում»,- նշեց Գարեգին Չուգասզյանը` տեղեկացնելով, որ Նախախորհրդարանն արդեն հանրահավաք է անցկացրել Գյումրիում, որտեղ արդեն գործում է տեղի համակարգող խորհուրդը:

Նախախորհրդարանի երկրորդ քայլը քաղաքացիների հետ պայմանագրերի կնքումն է:

«Այսինքն` եթե մենք ավարտում ենք առաջին փուլը, ձևավորվում է մի շղթա` ամբողջ Հանրապետությունով մեկ, որոնք տեղում սկսում են կազմակերպել ներկայացուցչական մարմնի ձևավորման աշխատանքները: Սա երկրորդ քայլն է: Մենք փորձելու ենք, որպեսզի քաղաքացիներն իրենց ինքնաառաջադրման ճանապարհով տան թեկնածուների մի ցուցակ, որոնք պատրաստ են, մեր տերմինով ասած, կազմելու հիմնադիր Խորհրդարան: Հիմնադիր Խորհրդարանն այն անցումային մարմինն է լինելու, որը պետք է իր ուսերի վրա վերցնի անցումային ժամանակաշրջանում իշխանությունը»,- տեղեկացրեց Գ. Չուգասզյանը:

Կարդացեք նաև

Երրորդ քայլը, ըստ Նախախորհրդարանի համակարգողի, պետք է լինի այդ ձևավորված մարմինը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելը, և հենց այդ փուլի ընթացքում էլ քաղաքացիների հետ կնքվելու են պայմանագրերը:

«Պայմանագիրը լինելու է ամեն քաղաքացու և ցուցակում ընգրկված ներկայացուցիչների միջև, որից հետո, երբ հավաքվեն բավարար թվով ձայներ, իսկ մենք բավարար թվով ձայներ ասելով` հասկանում ենք ՀՀ անկախության շրջանում անցկացված ընտրությունների մաքսիմալ թվով մասնակիցներից կեսից ավելին: Ահա այդ թվին հասնելուց հետո տվյալ մարմինը ստանում է լեգիտիմություն»,- շարունակեց Չուգասզյանը:

Իսկ սրանից հետո, ինչպես նշեց Գ.Չուգասզյանը, լեգիտիմություն ստացած մարմինը և ստեղծված դիմադրության ցանցը հայտ են ներկայացնում գործող վարչակարգին` իշխանության փոխանցման վերաբերյալ: Այսպիսով, ըստ Նախախորհրդարանի ծրագրի, կձևավորվի անցումային կառավարություն, որը պետք է ապահովեն համընդհանուր նոր ընտրությունների անցկացումը, որի արդյունքում կձևավորվի լիիրավ ժողովրդավարություն: Սա էլ կլինի չորրորդ քայլը: Գ. Չուգասզյանն այս ամենին ավելացրեց, որ Նախախորհրդարանը հանդես է գալիս ոչ միայն որպես իշխանափոխության, այլ համակարգափոխության հարթակ, իսկ շարժման պայքարի տեսլականը ներկայացվելու է համացանցում, և բոլորը հնարավորություն կունենան այն քննարկել:

«Բնականաբար, մենք այսօր ևեթ մերժում ենք արտագաղթը, արտագաղթի այս ալիքը և կոչ ենք անում մեր ժողովրդին մնալ տեղում և պայքարել այս ռեժիմի դեմ, քանի որ հենց ռեժիմի նպատակն է դատարկելով Հայաստանը կոտրել դիմադրությունը: Այսինքն` մենք նախևառաջ մեզնից պետք է սկսենք… Ի՞նչ հիմքեր ունենք մտածելու, որ Հայաստանը կարող է ներգաղթի երկիր դառնալ: Եթե նայում ենք Հայաստանում տնտեսական վիճակը և ամեն օր բացահայտվող նորանոր հանցագործությունները…

Երևի շատերդ լսեցիք օֆշորային գոտիներում հայտնված հաշիվների մասին, մոտակա ապագայում շատ ավելի շատ կլսեք այդպիսի հաշիվների մասին…

Բնականաբար, պատկերացում կազմել Հայաստանի մասին, որ Հայաստանն աղքատ է և ոչինչ չի կարող անել այս աղքատությունից դուրս գալու համար, մենք մերժում ենք այդ գաղափարը: Այն թալանը, որը կատարվում է Հայաստանում` թեկուզ հանքերի հետ կապված, հարյուրավոր միլիոնավոր դոլլարների, այն բյուջերի վատնումները, որոնք բիոզուգարանների վրա 300 հազարից ավելի գումար է ծախսում, և չեն աշխատում էդ անպետք զուգարանները, խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք ապիկար իշխանության հետ»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Քննարկման ընթացքում հավաքին ներկա քաղաքացիներին թույլ տրվեց տալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին ամենատարբեր բնագավառներին:

Մասնավորապես` քաղաքացիներից մեկը հարցրեց. «ո՞նց ենք պայքարելու»:

Պայքարի ձևերի մասին Գ. Չուգասզյանը նշեց. «Բացի հանրաքվեին մասնակցելուց և ժողովրդի կամքն արտահայտելուց, ամբողջ ժողովուրդը պիտի դառնա մի անհաղթահարելի ուժ` քաղաքացիական անհնազանդության մասնակցելով»:

«Մենք չենք կարող ասել, թե որ քաղաքում երբ ինչ է լինելու, մենք միայն կարող ենք ասել, որ սոցիալական լարվածությունը Հայաստանում` նման կառավարման պայմաններում, չի քչանալու, և մենք ենք մեր ճակատագրի տերը: Մենք ինքներս պետք է մասնակցենք այս դիմադրությանը, որպեսզի խնդիրը լուծվի: Ես շատ հաճախ շաղգամի օրինակն եմ բերում: Հիշում եք շաղգամը հանելու հայտնի հեքիաթը. տատիկը, պապիկը և բոլորը վերջում ամենափոքրիկ մկնիկի ուժով, ոչ թե մկան, այլ մկնիկի, ուշադիր եղեք, մկնիկի ուժով շաղգամը դուրս է գալու: Սա է այն ծրագիրը, որը մենք առաջարկում ենք ժողովրդին»,- ավելացրեց Գարեգին Չուգասզյանը:

Վերջում նա տեղեկացրեց, որ Նախախորհրդարանի հաջորդ հանդիպումը կլինի 2 շաբաթից` հունիսի 14-ին, իսկ հաջորդ հանրահավաքը` հուլիսի 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս