 
                        ՀՔԾ-ն, առանց իրավական հիմքերի, հրաժարվել է քրեական հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ
 
                                    «Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քրեական հետապնդում իրականացնել բնապահպանության նախարարության պաշտոնյաների նկատմամբ:
12 ապրիլի 2013 թվականին ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Ա.Միրզոյանը Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված՝ հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանին այն պատճառաբանությամբ, որ ՀՔԾ-ն նախաքննություն է իրականացնում միայն ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների վերաբերալ: ՀՀ ՀՔԾ-ն նշել է, որ մեր կողմից ներկայացված հաղորդման մեջ նշված անձիք ՀՔԾ քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտ չեն հանդիսանում»,- ասված է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նածաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Նաև ընդգծվել է. «Ստացվում է, որ առանց իրավական հիմքերի ՀՔԾ-ն հրաժարվել է քրեական հետապնդում իրականացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: Հետևապես, մենք անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ՀՔԾ-ից պահանջել վերանայելու իրենց գործողությունները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նաև ՀՀ բնպահպանության նախարարության ղեկավար աշխատողների նկատմամբ, ովքեր պատասխանատու են տեսչական ստուգումներ իրականացնելու համար:
Միևնույն ժամանակ, դատախազությունը քննում է հանցագործության մասին հաղորդման այն մասը, որը վերաբերում է «Վալլեքս Գրուպի» հանցավոր գործունեությանը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        