
Մայիսն այս տարվա համար ռեկորդային է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կորուստների առումով

Politikus.ru-ի փոխանցմամբ՝ մայիսի առաջին երեք շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ն ու նրա գործընկերներն Աֆղանստանում կորցրել են 21 զինծառայող, որոնցից երեքը վրացիներ են, իսկ մեկը՝ գերմանացի:
Դրանով իսկ մայիսը՝ դեռ ամբողջովին չլրացած, այս տարի դարձավ ռեկորդային՝ կորուստների առումով: Անկախ փորձագետների գնահատմամբ՝ Աֆղանստանում իրավիճակն ամբողջովին դուրս է եկել դաշնակիցների վերահսկողությունից: Ամենալարված իրավիճակը դիտարկվում է Քաբուլ, Կանդահար և Հելմանդ նահանգներում:
Զինծառայողները զոհվում են մահապարտների իրականացրած պայթյունների, ավտոմատ զենքի կիրառմամբ ձեռնարկած հանկարծակի հարձակումների, ինչպես նաև ավիատեխնիկայի կործանման պատճառով:
Օրինակ, մայիսին զինյալներին հաջողվել էր կործանել Boeing KC-135 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը:Աֆղանստանում գրեթե 12 տարի ընթացող պատերազմի հետևանքով ՆԱՏՕ-ն ու նրա գործընկերները կորցրել են 3315 մարդ, որից 2227-ն ամերիկացիներ են: