ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտնել է «Վեցյակին» արված իրանական 5 առաջարկների էությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է զգալիորեն ավելի բաց գտնվել ԱԷՄԳ-ի հետ աշխատելիս և առաջարկում է համատեղ կառուցել ատոմակայան և համագործակցել միջազգային հանրության հետ այլ ուղղություններով ևս:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: Նա առաջինն է պաշտոնապես հայտնում Ալմա Աթայում և Ստամբուլում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններում քննարկված թեմաների մասին.
«Իրանի միջուկային ծրագրի կրագավորման քայլ առ քայլ պլանը դեռ գտնվում է բանակցությունների օրակարգում: Իրանը հանդես է եկել 5 կետից բաղկացած «առաջարկների փաթեթով», որի 4-րդ և 5-րդ կետերը կրում են «Վեցյակի» հետ փոխգործակցության ընդհանուր բնույթ և չեն առնչվում միջուկային ծրագրին:
Առաջին փուլն առնչվում է «Վեցյակի» կողմից Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի լիովին ճանաչմանը, ինչի դիմաց Իրանը վերահաստատում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և ընդգծում է միջուկային զենք կիրառելուց իր հրաժարվելը:
Երկրորդ քայլը, այսպես կոչված «թափանցիկության միջոցներն» են՝ հիմնված ԱԷՄԳ-ի հետ Իրանի ավելի բաց համագործակցության վրա՝ կապված Իրանի միջուկային ծրագրի ռազմական բնույթի հետ: Փոխարենը մենք խնդրում ենք, որ «Վեցյակը» չեղյալ հայտարարի Իրանի հանդեպ սահմանած բոլոր պատժամիջոցները:
Երրորդ քայլը «վստահության ամրապնդման միջոցներն» են, որոնք ուղղված են Թեհրանի գիտահետազոտական ռեակտորի համար վառելիքի մատակարարման հարցում «Վեցյակի» հետ համագործակցելուն: Ի պատասխան՝ «Վեցյակը» պետք է հանի Իրանի միջուկային թղթապանակը ՄԱԿ ԱԽ-ի օրակարգից:
Չորրորդ քայլը փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության ամրապնդումն է, որն առնչվում է Իրանում ատոմակայանների, ինչպես նաև հետազոտական ռեակտորների նախագծմանն ու կառուցմանը, թեթև ջրով ռեակտորների հետազոտմանը:
Վերջին հինգերորդ քայլը նախատեսում է Իրանի հետ համագործակցություն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Սիրիայում ու Բահրեյնում իրավիճակի կարգավորւմը: Մեր կողմից «Վեցյակին խնդրում ենք աջակցություն ցուցաբերել ծովահենության դեմ պայքարում և թմրանյութերի տարածմանը դիմակայելում:
Թեհրանն այժմ «Վեցյակից» սպասում է իր արած առաջարկների պատասխաններին: Բանակցությունների նոր փուլի անցկացման վայրը դեռ անհայտ է, թեև կան երկրներ, այդ թվում նաև Ալժիրը, որոնք պատրաստ են ընդունել կողմերին և տեղ հատկացնել հանդիպման համար»: