Ռուսաստանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել Վրաստանի բողոքի նոտային. Շվեյցարիայի դեսպան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ցայժմ ոչ մի կերպ չի արձագանքել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հղված վրացական կողմի բողոքի նոտային՝ կապված Ցխինվալի շրջանում օկուպացիոն գիծը մի քանի մետրով առաջ տանելու հետ:

Այս մասին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Գյունտեր Բեհլերը. «Ռուսաստանի կողմից որևէ առաջարկ չկա: Մենք շարունակում ենք գործ ունենալ կողմերի հետ և լավ ուսումնասիրել գոյություն ունեցող փաստերը:

Ամեն դեպքում Շվեյցարիան պատրաստ է միանալ այդ գործին, եթե կողմերի միջև առկա է որևէ թյուրիմացություն: Մենք արդեն իսկ նոտան ենք հղել Ռուսաստանին: Ենթադրվում է, որ այնտեղից կլինի ինչ-որ արձագանք: Սակայն դա կպահանջի մի քանի օր: Մենք սպասում ենք նրանց պատասխանին»:

Փանջիկիձեն իր հերթին հայտարարել է, որ զավթիչները 22-25 կիլոմետր երկարությամբ լարափակոց են անցկացրել Շիդա Քարթլիում, ինչի հետևանքով տուժել է մոտ 40 ընտանիք:

Փանջիկիձեից առաջ էլ Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ պետք չէ պատերազմ սկսել 200-300 մետրի համար՝ հավելելով, որ օկուպացիոն գծի փոփոխման հետևանքով տուժել է 60-80 ընտանիք:

Տեսանյութեր

Լրահոս