Անդրիաս Ղուկասյանը բացահայտվում է

2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ և հետո որևէ մեկի համար այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչո՞ւ էր նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը գրեթե մեկ ամիս հացադուլ անցկացնում: Ըստ էության, անպատասխան էր նաև այն հարցը, թե, Աստված մի արասցե, Ղուկասյանի հետ ինչ-որ անդառնալի բան պատահելու դեպքում՝ ո՞ւմ էր դա ավելի շատ ձեռնտու լինելու, ո՞վ կամ ովքե՞ր էին շահագրգռված, որպեսզի Հայաստանի՝ առանց այդ էլ կեղծված ու ապօրինի նախագահական ընտրությունների որակումներին ավելանար ևս մեկը՝ ընտրություններ, որոնց ժամանակ նախագահի թեկնածու է մահացել:

Ժամանակը կարծես տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Տալիս է ոչ թե ուղղակիորեն, այլ ոմանց գործողություններում ու հայտնած մտքերով: Քաղաքացիական հասարակության անունից հանդես եկող, կուսակցական համակարգն անխնա քննադատող, միաժամանակ՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն հիմնադրելու մասին հայտարարած Անդրիաս Ղուկասյանը  նախ՝ հանդես է գալիս գազի գնի թանկացման դեմ քաղաքացիական անհնազանդություն հայտարարելու կոչով, ապա… Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պաշտպանությամբ: Այսօր Ղուկասյանը Tert.am-ին տված հարցազրույցում ջանք ու եռանդ չի խնայել՝ ապացուցելու համար, որ Հայաստանի միակ փրկությունն անդամակցությունն է Եվրասիական միությանը:

Նա ասում է, որ դա ձեռնտու է հայ ժողովրդին, սակայն ձեռնտու չէ Հայաստանի իշխանություններին, քանի որ Մաքսային միության անդամ դառնալուց հետո Հայաստան ներմուծվող ապրանքներից նրանք չեն կարող մաքսատուրք գանձել և շարունակել հարստանալ: Նա մի շարք այլ «փաստարկներ» էլ է ներկայացնում, որոնք, սակայն, էական չեն: Էականն այն է, որ մեկը, ով հանդես է գալիս քաղաքացիական հասարակության անունից, պաշտպանում է մարդու իրավունքներն ու ազատությունները, և այլն, և այդպես շարունակ, հայտարարում է, որ Հայաստանի ժողովրդի շահերից է բխում՝ անդամակցել մի կառույցի, որի ստեղծման նպատակը Ռուսաստանի կայսերապաշտական ամբիցիաների բավարարումն է, որի հենասյուներից մեկը Եվրոպայի ամենաբռնատիրական ռեժիմն ունեցող Բելառուսն է, որն իր էությամբ ու գաղափարախոսությամբ դեմ է այն ամենին, ինչը կապված է ժողովրդավարության ու ազատությունների հետ:

Թե ինչը կամ ովքեր են մոտիվացնում Անդրիաս Ղուկասյանին՝ նման հայտարարություն անել, դժվար է միանշանակ ասել: Բայց արժե նկատել, որ իշխանությունների դեմ անհնազանդություն կազմակերպելու կոչերով հանդես եկող այս քաղաքացիական ակտիվիստը, գուցե գիտակցված թե ոչ՝ մեծագույն ծառայություն է մատուցում նույն իշխանությանը, որն ուղն ու ծուծով այն արժեքային համակարգի կրողն է, որը դրված է Եվրասիական և Մաքսային միությունների ստեղծման հիմքում, այն իշխանությանը, որը, եթե ստիպված չլիներ սեթևեթել եվրոպական կառույցների առջև, վազելով առաջինը կանդամակցեր պուտինյան ցանկացած նախագծի:

Իր հայտարարություններով Անդրիաս Ղուկասյանը հրաշալի հնարավորություն է տալիս իշխանություններին նույն արևմտյան կենտրոնների հետ հարաբերություններում հայտարարել, որ՝մինչ դուք դեմ եք այդ նախագծերին Հայաստանի անդամակցությանը, մեր ամենաարմատական, ամենաքաղաքացիական ակտիվիստները հակառակն են պնդում:

Այնպես որ, հնազանդության թեման Հայաստանում դառնում է շատ արդիական: Այն իմաստով, որ ռուսական «օղակը սեղմվում» է և չափազանց կարևոր է դառնում պարզել, թե հանրային դեմքերից  յուրաքանչյուրն ում է հնազանդվում: Հատկապես նրանք, ովքեր պարբերաբար հանդես են գալիս անհնազանդության կոչերով:

Տեսանյութեր

Լրահոս