Համլետ Հարությունյանը՝ Զարուհի Փոստանջյանին. Ո՞նց կարելի է հայ մարդու ախպերն էնտեղ նստած՝ գլխավոր դատախազին խարդախ անվանել
«Առաքինի տիկին. բոլորն էլ խորհրդարանում առաքինի կանայք են: Բայց Գալուստ Սահակյանն անուն չի տվել` չի ասել, թե Զարուհի Փոստանջյանին է ասում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը` ուղղված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Այդ առաքինի տիկնոջն ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենան կանգնեցնես, չկանգնի` նեղանաս»:
«Գալուստ Սահակյանը երկու օր հետո ֆրակցիայի անունից ելույթ է ունենում՝ առանց որևէ մեկի անունը նշելու: Բայց մինչև այդ չէի՞ք լսում՝ Զարուհի Փոստանջյանն ինչե՜ր էր ասում: Բա ինչի՞ չեք հարցնում` ո՞նց կարելի է հայ մարդու ախպերն էնտեղ նստած՝ գլխավոր դատախազին խարդախ անվանել: Ես խորհրդարանում նստած ինձ նենց վատ էի զգում, երդվում եմ: Ի վերջո, գլխավոր դատախազ ա, ով ուզում է լինի՝ մեր պետության սիմվոլներից մեկն է: Բա դա հայ կնոջ տա՞կտ է, ամոթխածությո՞ւն, որ մարդու հարազատ եղբայրն էնտեղ նստած՝ տենց բաներ ասես»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Վերջինս նշեց, թե ԱԺ Էթիկայի հանձնաժողովը պետք է առանց դիմումի, առանց հայտ ներկայացնելու քննարկեր Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված վիրավորանքների մասին հարցը:
«Էդ Էթիկայի հանձնաժողովի անդամները նստած էին, չէ՞, լսում էին, չէ՞՝ ինչեր էր այդ կինն ասում: Զարուհի Փոստանջյանին ես ինքս էլ մի երկու անգամ ասել եմ` ախր չի կարելի: Աղջիկ ջան, բան ունե՞ս ասելու գլխավոր դատախազին, երկրի նախագահին՝ ասա, բայց նա ցանկացած մեկին վիրավորում ա»:
ՀՀԿ-ական պատգամավորը հիշեց, որ դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովում Զարուհի Փոստանջյանն «այլանդակ» արտահայտություններ էր թույլ տվել Սերժ Սարգսյանի հասցեին, ու ստիպված ինքն է պատասխանել նրան: «Բա չե՞ք ասում, աղջիկ ջան, ինչո՞ւ ես այդ մարդուն վիրավորում` էդ մարդը կին, երեխաներ, ընտանիք ու թոռներ ունի»,- հավելեց Համլետ Հարությունյանը:
Մեր դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանն էլ չորս երեխա ունի, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Բայց գլխավոր դատախազը Զարուհի Փոստանջյանին ի՞նչ է ասել, որ ինքն էլ ասում ա` խարդախ: Ես էնտեղ նստած՝ ամաչում էի»:
Մեր հարցին, թե համամիտ չե՞ք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի տեսակետի հետ, թե տղամարդկություն չէ՝ վիրավորել կնոջը, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Էդ աղջիկը, բարեբախտաբար, Ռուբեն Հակոբյանի կողքին է նստում: Թող նստելուց առաջ ասի` Զարուհի, անհարմար ա, էդ մարդու եղբայրը Ազգային ժողովում նստած ա: Իհարկե, հայ տղամարդուն սազական չէ, որ կնոջը վիրավորում է, բայց ավելի սազական չէ, որ հայ կինը տրիբունայից ամենավերջին բառերով հայհոյում է տղամարդուն»:
Դիտարկմանը, թե Գալուստ Սահակյանն ասում է` քաղաքականության մեջ «էգ ու որձ չկա», Համլետ Հարությունյանն ասաց. «Ես այդ կարծիքին չեմ: Գալուստի ասածներն ինձ համար դոգմա չեն: Էգն ու որձը բնությունն է ստեղծել, կարող ա՞ ես եմ ստեղծել, որ հիմի ժխտեմ, ասեմ՝ տարբերություն չկա»:
Այնուամենայնիվ, Համլետ Հարությունյանն այն կարծիքին է, որ սխալը եկել է Զարուհի Փոստանջյանից, ու վերջինս էլ իր բառերի համար համարժեք պատասխան է ստացել: «Գալուստը ճիշտ էլ պատասխանել ա, դե, թող գնան ինձ էլ դատի տան»,- ասաց նա` ավելացնելով, որ մի օր էլ հնարավոր է՝ իր հասցեին նման վիրավորանքներ ստանա:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հանրապետականը չի դիմում ԱԺ Էթիկայի հանձնաժողով, եթե համարում եք, որ Զարուհի Փոստանջյանն էլ վիրավորել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ: Այ, երևի մենք պետք է դիմեինք»: