«Եթե ՀՀԿ-ից հանեն վարչական ռեսուրսը, Հանրապետականից ոչինչ չի մնա»

«2012թ. մայիսից մինչև 2013թ. մայիսը, ըստ էության, չորս խոշոր ընտրություններ անցկացրինք, որոնց արդյունքում, կարելի է ասել՝ ոչինչ չփոխվեց»: Կովկասյան ինստիտուտում կազմակերպված բանավեճի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ նկատելով, թե պատճառը ՀՀԿ-ի կողմից  վարչական ռեսուրսների օգտագործման փաստն էր, որի շնորհիվ էլ կարողացան վերարտադրվել:

«Նախ՝ խոստում եղավ վերացնել բիզնեսի ու օլիգարխիայի սերտաճումը՝ ամենաբարձր ամբիոններից: Եթե ասենք՝ Հարապետականը խորհրդարան է բերել գործարարներին, պետք է ասեն՝ մենք չենք բերել՝ մեծամասնականով է եղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խորհրդարան են անցնում այն մարդիկ, որոնց «մեջքին թփթփացնում է նախագահը»:

Նա խոստովանեց, որ ընդդիմությունըն այսօր փլատակների մեջ է ու շեշտեց, թե իրենք չեն ասում՝ «մենք ամեն ինչ արել ենք»: Մարդիկ, Սաֆարյանի խոսքով, կարող են հիասթափվել ընդդիմությունից: «Եթե ժողովրդի մեջ սպասումներ կան, որպեսզի ընդդիմությունը միասնական հանդես գա ու հանկարծ տեսնում են, որ ընտրությունների ժամանակ միասին հանդես չեն գալիս ու պարարտ հող է բացվում իմ ամենաչսիրած թեզի համար՝ բոլորը նույնն են: Արդյունքում՝ ընդդիմության ձայները նվազում են: Միայն այն, որ չենք կարողանում միավորել մյուսներին՝ տապալում է մեզ: Ընտրողն էլ տեսնում է, օրինակ, որ նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ, բայց միավորումը չի ստացվում ու այլևս ընտրողի համար երրորդական է դառնում՝ ո՞ւմ մեղքով չմիացան ընդդիմադիր ուժերը»:

Ըստ Ս. Սաֆարյանի՝ «եթե ՀՀԿ-ից հանեն վարչական ռեսուրսը, Հանրապետականից ոչինչ չի մնա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս