Ո՞ւր են և ինչո՞վ են զբաղված Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը
«Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես եղել և մնում են ժողովրդի կողքին, ամենատարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչների կողքին: Եվ բնական է, որ բոլոր այն հարցերը, որոնք հուզում են այսօր մարդկանց, այսօր գտնվում են կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին՝ Ինչո՞ւ սպասվող թանկացումների դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստների կողքին չենք տեսնում կուսակցությանն ու Գագիկ Ծառուկյանին, ով չնայած հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն, սակայն ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ գտնում են, որ կուսակցությունը այլընտրանքային ուժ է:
Հարցին, թե ներկա դրությամբ կուսակցությունն ունի՞ կոնկրետ նախաձեռնություն` ընդդեմ թանկացումների, ասել է. «Այս պահին որևէ կոնկրետ նախաձեռնություն չեմ կարող առանձնացնել»: Նա մատնանշեց այն խնդիրները, որոնք եղել և մնում են պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում:
Որտե՞ղ է պարոն Ծառուկյանը, ինչո՞վ է զբաղված հարցին նա պատասխանել է. «Պարոն Ծառուկյանը Հայաստանում է, զբաղվում է իր ամենօրյա աշխատանքներով` որպես Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ նախագահ»:
«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրել է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ ԱՄՆ-ում է: Թե ինչու է մեկնել, ունենալո՞ւ է հանդիպումներ, պատասխանել է. «Այդ ամեն ինչի մասին կիմանաք, երբ ինքը վերադառնա: Կշփվի մամուլի հետ, կասի»: Նա հայտնել է նաև, որ պարոն Հովհաննիսյանն այնտեղ ունենալու է գործնական հանդիպումներ, Վաշինգտոնի հետազոտական կենտրոններից մեկում դասախոսություն է կարդալու:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ «Ժառանգությունը» չի կոորդինացնում քաղաքացիների պայքարն` ընդդեմ սպասվող թանկացումների, ասել է. «Մենք այս դեպքում հատուկ որոշում չունենք` մասնակցել-չմասնակցելու, բայց «Ժառանգության» շատ անդամներ մասնակցում են, իսկ մենք` որպես կուսակցություն, հետաքրքրված ենք այս խնդրով, մեր պատգամավորական խմբակցությունը այդ հարցը Ազգային ժողովում անընդհատ բարձրացնում է, մենք` որպես քաղաքական ուժի ներկայացուցիչներ, բարձրացնում ենք անընդհատ»: Կա՞ արդյոք շոշափելի արդյունք, հարցին պատասխանել է. «Արդյունքը, կարծում եմ, տեսանելի պետք է լինի բոլորի համար` անկախ մեզանից, և արդյունքն այն կլիներ, որ մեր քաղաքացիներն ավելի մատչելի գազ ստանային և պետությունն էլ շատ քիչ փող ծախսեր: Այսինքն` այն սուբսիդավորման եղանակը որ կա, այդ եղանակը չգործեր, այլ` բացառապես խոցելի խմբերի համար այն գործեր»:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը չի համաձայնել դիտարկմանը, թե ՀԱԿ-ը սպասվող թանկացումների դեմ պայքարող քաղաքացիների կողքին չէ. «Առաջին ակցիային, որ ԱԺ-ի դիմաց անցկացվեց, ես տեսել եմ ՀԱԿ-ի ակտիվիստներին: Երբ ես դուրս եկա ժողովրդի հետ խոսելու, հիմնականում ՀԱԿ-ի ժողովուրդն էր,- ասել է նա և հարցադրել,- ինձնից ակտիվ այդ գների դեմ պայքարող ուրիշ մարդ էլ ե՞ք տեսել` ելույթ ունեցող կամ արգումենտներ բերող»:
Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ այսօր ինքը եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, նաև մասնակցել է ներսում սպասվելիք հանրային լսումներին:
Ո՞ւր է այժմ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչո՞վ է զբաղված հարցին Արամ Մանուկյանը պատասխանել է. «Իրենց տանն է, մի քանի օր առաջ ես տեսել եմ: Ուզում եք, որ գա ձեզ ներկայանա, որ տեսնե՞ք: Նա ՀԱԿ կուսակցության նախագահն է, և մի քանի օր առաջ ինքն է վարել ՀԱԿ կուսակցության վարչության նիստը: Նա զբաղված է այն գործով, ինչով զբաղվել է մինչև հիմա: Մենք բոլորս ենք այդ գործով զբաղված»: