Վաչե Գաբրիելյան. Հիմա կոչ եք անում, որ փող չփոխանցե՞մ, ճիշտ հասկացա՞
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը 168.am-ի զրույցում՝ անդրադառնալով Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված հաշվեհամարներ բացելու նախաձեռնությանը, ասաց, որ ինքը ևս իր աշխատավարձի որոշ մասը փոխանցելու է, սակայն չցանկացավ նշել, թե կոնկրետ որքան: «Գաղտնքի է»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախարարները ևս որոշել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել, երբ Կառավարությունը որոշել է փոխհատուցել գյուղացիների կրած վնասը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Դրանք միմյանց հետ կապ չունեն՝ մեկը քաղաքական գործընթաց է, մյուսը՝ անձնական»:
Իսկ հարցին, թե Ձեր փոխանցած գումարը կմեղմի՞ գյուղացիների կորուստը, Վ. Գաբրիելյանն այսպես արձագանքեց. «Հիմա կոչ եք անում, որ փող չփոխանցե՞մ, ճիշտ հասկացա՞»:
Կատակով նկատեցին՝ «Ոչ, կոչ ենք անում ամբողջ աշխատավարձը փոխանցել»: «Շնորհակալություն, ես դա հաշվի կառնեմ»,- ծիծաղելով պատասխանեց Վաչե Գաբրիելյանը: