Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի մշակույթի նախարարին

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի:

Հանդիպման սկզբում ՀՀ մշակույթի փոխնախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարությունների միջև 2010 թ.-ին ստորագրված համաձայանագրի գործնական արդյունքներն ու ներկայումս ձեռնարկվող համատեղ ծրագրերը:

Ողջունելով Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի այցը Հայաստան` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ մշակույթի նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը դրական արդյունքներ կարձանագրի:  Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեցեց, որ երկու երկրների հարաբերությունները թե° քաղաքական և թե° մշակութային ոլորտներում ընդարձակվում, զորանում և առավել լայն ընդգրկում են ստանում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Չեխիայի հայկական համայնքին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս տիկին Ալենա Հանակովայի, իր շնորհակալությունը հայտնեց Չեխիայի իշխանություններին` հայերի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նորակազմ հայկական համայնքն իր դրական ներդրումը պիտի բերի Չեխիայի հասարակական և մշակութային կյանքի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև միջմշակութային շփումների ու փորձի փոխանակման անհրաժեշտությանը, հասարակական կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարևոր դերակատարությանը, Եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ     

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս