Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանը զարմացած է. «Մշակույթի նախարարությունն ի՞նչ կապ ունի, ինչո՞ւ ամեն ինչ ինքնուրույն չեք անում» (տեսանյութ)

asparez.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր կրկին Գյումրիում էր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել հիմնականում Գյումրու թատրոնի հին շենքի վերակառուցման խնդրին:

Ջ.Հեֆերնը նախ հետաքրքրվել է, թե ի՞նչ զարգացումներ են եղել, ի՞նչ կարգվիճակում են գտնվում շենքի վերանորոգման հետ կապված աշխատանքները, կա՞ նախագիծը: Ինչպես նշել է դեսպանը՝ իրեն հետաքրքրում է Գյումրու և քաղաքի մշակութային վերածննդի հետ կապված ամեն ինչ: Սամվել Բալասանյանի խոսքով, Ջ.Հեֆերնի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքն ասել է, որ այդ շենքի վերանորոգման համար պահանջվում են լուրջ ծախսեր: Նաև հիշել է, որ դեսպանի հետ առաջին հանդիպման ժամանակ վերջինս նշել էր, թե կարելի է թատրոնը վերակառուցել հանգանակությունների միջոցով:

– Այսօր ինչ-որ գումարներ պետք է տանք, որ «Շիրակ» հեռուստաընկերությունը, որը տեղակայված է եղել թատրոնի շենքում՝ իրենց ունեցած գույքը տեղափոխեն ներկայիս շենք: Ես արդեն որոշ գումար փոխանցել եմ, կշարունակեմ փոխանցել, մոտ 20 մլն դրամին համաժեք՝ դեռ պարտք ենք մնում,- ասել է Ս.Բալասանյանը:

Քաղաքապետի վստահեցմամբ՝ շենքի շինարարությունը այնքան մեծ գումարներ չի պահանջում, որքան տարբեր տեսակի զարդարանքները՝ նստարաններ, բեմական մասի ձեւավորում եւ այլն: Եթե մեկը լինի, որ այդ ծախսերը հոգա՝ շենքի աշխատանքները կարելի է շատ արագ անել՝ ասել է Ս.Բալասանյանը: Դեսպանի կարծիքով, թատրոնի վերանորոգման համար պետք չէ մտածել միայն պետական, քաղաքի բյուջեի կամ դեսպանատան աջակցության  մասին, պետք է ավելի լայն ֆինանսական ասպարեզում դիտարկել գումարների հայթայթման հնարավորությունները:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներից, ու դեսպանը հետաքրքրվել է, թե ովքեր են միջոցառումների նախագծողները: Փոխքաղաքապետ Ռուբիկ Սանոյանը նշել է, որ նախագծերն արդեն արված են եւ ուղարկված մշակույթի նախարարություն:

«Մշակույթի նախարարությունն ի՞նչ կապ ունի, ինչո՞ւ ամեն ինչ ինքնուրույն չեք անում»,-  հետաքրքրվեց դեսպանը, ինչին ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասել է, որ իրենք պարտավոր են համաձայնեցնել Մշակույթի նախարարության հետ:

asparez.am-ի փոխանցմամբ՝ դեսպանը և քաղաքապետը խոսել են նաև Գյումրիում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասին: Ջ.Հեֆերնը այցելել է նաև «Թռչունյանց» տուն, որտեղ մասնակցեց այնտեղ կազմակերպված ցուցահանդեսին:

Տեսանյութը՝ «Ցայգ» հ/ը-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս