Լյուդմիլա Սարգսյանը չի կարող իր ամբողջ աշխատավարձը փոխանցել

«Մենք գործ ունենք մի Կառավարության հետ, որը երբեք էլ մտահոգ չի եղել ժողովրդի խնդիրներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած բնակիչների համար ստեղծված հաշվեհամարներին:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության ու ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի առաջարկով բացվել են հաշվեհամարներ, որտեղ պատգամավորները, կառավարության անդամներն ու գործարարները գումար են փոխանցում` օգնելու համար Արմավիրի բնակիչներին:

«Այս դեպքն արտառոց էր, որովհետև մեծ աղմուկ բարձրացավ, ժողովուրդն էլ պարտադրում է, որ Կառավարությունն աջակցություն ունենա իր խնդրի լուծման հարցում: Իրենք էլ փորձում են ցույց տալ, թե որքան մտահոգ են ժողովրդի հոգսի հանդեպ ու գուցե իրենց միլիոններից մի հարյուր հազար էլ փոխանցեն այդ բնակիչներին»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Անձամբ Լ. Սարգսյանը իր հնարավորությունների սահմանում է փոխհատուցում կատարելու: Նա նշեց, որ չի կարող իր պատգամավորական ամբողջ աշխատավարձը փոխանցել, որովհետև ապրում է հենց այդ աշխատավարձով: Բայց փոխարենը տիկին Սարգսյանն առաջարկեց ՀՀԿ-ականներին իրենց 4-5 ամսվա աշխատավարձը փոխանցել` համարելով, որ նրանք ապրում են կողմնակի երկամուտներով` առանց այդ աշխատավարձի:

«Եթե ես 10.000 դրամ փոխանցեմ՝ դա շատ ավելի մեծ ներդրում կլինի իմ կողմից, քան նրանց 100 կամ 200.000-ը, երբ նրանք ժողովրդից թալանում են` հետո տալիս»,- նշեց նա` ավելացնելով, որ ՀԱԿ-ում կարկտահարությունից տուժած բնակիչներին օգնելու մասին հարցը չի քննարկվել, բայց կարծքի հայտնեց, որ իրենց հնարավորությունների սահմաններում ՀԱԿ պատգամավորները ևս ներդրում կունենան:

Տեսանյութեր

Լրահոս