Բաժիններ՝

Երբ կարում են շրթունքները, մեխում ոտքերը` սա վերջն է

Ինչպես հայտնի է` հունիսի 10-ին և 11-ին մի խումբ փաստաբաններ իրականացնելու են գործադուլ` ի նշան վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների դեմ բողոքի: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Անի Թորոսյանը նշել է, որ նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն է հայտնել շուրջ 80 փաստաբան:

«Դատական դեպարտամենտը շատ հաճախ մատնացույց է անում այն կարգապահական վարույթները, որոնք հարուցում են դատավորների դեմ, ոմանց աշխատավարձի մի մասից են զրկում, ոմանց նկատողություններ են հայտարարում, բայց մեր խնդիրն այսօր դա չէ: Մեր խնդիրը համակարգային է, այսինքն` մենք չունենք կոնկրետ խնդիր դատավարողներին կարգապահական տույժի ենթարկելու, մենք ցանկանում ենք, որպեսզի, ի վերջո, դատարանները դառնան անկախ, որը որ այսօր մեզ մոտ շատ խոցելի է»,- խոսելով գործադուլի նպատակների մասին, ասել է փաստաբանը:

Ըստ նրա` գործադուլի նախաձեռնությանը չնայած տեսանելիորեն չեն միանում դատարանները, սակայն գիտակցում են, որ բարձրացված խնդիրները իրական են և առկա են ոլորտում:

Անի Թորոսյանը, խոսելով դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության ցածր վստահությունից, հետևյալ տեսակետն հայտնել է. «Վերջին շրջանում բազմաթիվ դեպքեր մենք ունեցանք` քրեակատարողական հիմնարկներում կալանավորների ինքնավնասումների հետ կապված: Մարդիկ բերան են կարում, աչք են կարում, ոտք են մեխում, դա արդեն իսկ նշանակում է` սրանից ավելի լուրջ վիճակ այլևս չկա և չի կարող լինել: Երբ որ դատապարտյալը ինքը հասկանալով, որ այլևս անիմաստ է, կամ կալանավորը, որի գործը դեռ քննվում է, հասկանալով, որ այլևս անիմաստ է դատական համակարգի վրա հույս դնել և վստահել, արդեն դիմում է այնպիսի ծայրահեղ միջոցների, ինչպիսին է, օրինակ` շրթունքները կարելը»:

Այս և այլ խնդիրների մասին, ըստ Անի Թորոսյանի, պետք է բարձրաձայնեն և խոսեն նախևառաջ փաստաբանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս