«Եսիմ ում ինչ կարգի սիրուհին կարող է շքեղ մեքենա ունենա, իրան ճոխություններ թույլ տա, իսկ ազատամարտիկնե՜րը…. »
Ֆեյսբուքում ստեղծվել է «Հարգենք և գնահատենք ազատամատիկներին» հատուկ էջ, որի անդամների մեծ մասը ՀՀ ակտիվ քաղաքացիներ են, ովքեր գտնում են, որ պետք է լինեն հայրենիքի զինվորի կողքին և պայքարեն նրանց իրավունքների համար, ովքեր այսօր դժգոհ են իրենց սոցիալական վիճակից ու իշխանություններից և դուրս են եկել փողոց՝ պայքարելու սեփական իրավունքների համար:
Այս խմբի անդամներից ակտիվիստ Խորեն Սամվելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է.
«Նախատեսողները ազատամարտիկներն են, ես համակարգում եմ իրենց խնդրանքով և թույլտվությամբ: Ես ազատամարտիկ չեմ, պարզապես ազատամարտիկի հոգեբանություն ունեմ: Վաղը՝ ժամը 12-ին, ազատամարտիկները հավաքվում են Ազատության հրապարակում՝ քննարկելու իրենց ապագա քայլերը և գործողությունները: Ուղղակի ցավոտ է, երբ երկրիդ հերոսը, զինվորն է դուրս գալիս փողոց: Մենք պարտավոր ենք իրենց կողքին լինելու: Ես առաջին օրվանից նրանց կողքին եմ և պայքարելու եմ ազատամարտիկների իրավունքների համար»:
Ակտիվիստը կարծիք է հայտնել, որ ազատամարտիկների բողոքը ավելի ազդեցիկ լինելու համար մտահոգ քաղաքացիների օգնությունն է պետք, որ իրենք չհիասթափվեն:
«Գնանք, որ աջակցենք, խնդրենք և ինչ-որ տեղ պարտադրենք ու բացատրենք, որ դուք արժանի եք ավելի լավ ապրելու:
Ուղղակի ինձ ներվայնացնում և ջղայնացնում է, որ ինչ որ մեկը՝ եսիմ ում, ինչ կարգի սիրուհին, կարող է լավ, շքեղ մեքենա ունենա, իրան ճոխություններ թույլ տա, իսկ այս մարդիկ, որ իրենց առողջության հաշվին են պահել մեր երկիրն ու հայրենիքը, այսօր փողոցում են….նրանք պահել են ազգը, իրանց շնորհիվ ապրում են նաև սրիկաներն ու հանցագործները և նույն իրանց շնորհիվ են հարստանում: Իմ բարկությունն ու մեր ամոթը հենց այստեղ է»,-ասել է Խորեն Սամվելյանը: