TEDxKids@Yerevan-ը՝ հունիսի 1-ին (տեսանյութ)
Հունիսի 1-ին Երևանում՝ Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա արդեն երկրորդ ամենամյա TEDxKids@Yerevan միջոցառումը: Միջոցառման խորագիրն այս տարի կլինի՝ «Մտածիր ինչպես երեխա» (Think Like A Kid): Այս մասին գրված է միջոցառման ինտերնետային կայքում:
TEDxKids@Yerevan միջոցառմանը 10-18 տարեկան բանախոսները խոսելու են իրենց ամենանվիրական, ամենաանհավանական, ամենահուզիչ, ամենագողտրիկ, ամենահամարձակ ու ամենատարօրինակ փորձառությունների ու գաղափարների մասին: Բանախոսների այս տարվա ներկայացումների թեմաների մասին` ծանոթացեք տեսանյութում:
TEDxKids@Yerevan-ի նպատակն է ծառայել որպես հարթակ մեր երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք բարձրաձայնեն իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն ու հարցերը, ինչպես նաև պատմեն իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների,
ուսումնասիրությունների ու պատմությունների մասին:
Նշենք, որ TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: 25 տարի առաջ՝ ստեղծվելով որպես քառօրյա ծրագիր, TED-ն այժմ վերաճել է մի կառույցի, որն աջակցում է այն գաղափարներին, որոնք միտված են փոխելու աշխարհը տարբեր նախաձեռնությունների միջոցով: TED-ի ամենամյա համագումարը հրավիրում է ողջ աշխարհի առաջատար մտածողներին և իրականացնողներին` խոսելու 18 րոպե:
Նրանց ելույթներն այնուհետև հասանելի են դառնում համացանցում` TED.com կայքում, անվճար հիմունքներով: TED բանախոսներ են եղել Բիլ Քլինթոնը, Ալ Գորը, Ջեյն Գուդոլը, Էլիզաբեթ Գիլբերթը, պրն. Ռիչարդ Բրենսոնը, Նանդան Նիլեկանին, Ֆիլիպ Սթարքը, Նգոզի Օկոնյո Իուեալան, Իզաբել Ալենդեն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը:
TED բանախոսություններին կարող եք ծանոթանալ այստեղ.