Եվրոպական հանձնաժողովը ստուգում է Apple սմարթֆոնների վաճառքի համապատասխանությունն օրենքին
Եվրամիության հակամենաշնորհային հանձնաժողովը կստուգի Apple ընկերության գործունեությունը: Վերջինիս կասկածում են եվրոպական շուկայում iPhone սմարթֆոնների վաճառքի ժամանակ ազատ մրցակցության կանոնները խախտելու մեջ: Այս մասին գրում է «Financial Times»-ը:
Հրատարակչության տվյալներով՝ Եվրամիության հանձնաժողովը տարածաշրջանային բջջային օպերատորների շրջանում հարցաթերթիկ է բաժանել՝ հստակեցնելու համար նշյալ տեղեկատվության համապատասխանությունը: Ընկերությունները հարցաթերթիկի պատասխանները պետք է հանձնաժողովին տրամադրեն մինչև հունիսի 17-ը:
Նշենք, որ Սպիտակ տունն օգտակար է համարում Apple ընկերության նկատմամբ իրականացվող այս քննությունը:
Ի դեպ, մեկ շաբաթ առաջ ԱՄՆ սենատորների կողմից քննության էր ենթարկվել Apple ընկերության հարկային քաղաքականությունը: Որոշ սենատորներ պնդում են, որ ընկերությունը հարկային օրենքների որոշ անցքերի շնորհիվ կարողացել է չորս տարվա ընթացքում խուսափել 44 մլրդ դոլարի հարկի վճարումից: