Հայ քաղաքական ուժերը դեմ են ստի դետեկտորին

Ռուսաստանում հնարավոր է առաջիկայում կոռումպացված պաշտոնյաներին բացահայտելու համար ստի դետեկտոր կիրառվի: ՌԴ պետդուման արդեն այս նպատակով օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:

Հայտնի է, որ Հայաստանում բավական լայն կիրառություն են ստանում ռուսաստանյան փորձի հիման վրա կատարված նորամուծությունները, ուստի փորձեցինք ճշտել նաեւ մեր քաղաքական ուժերի կարծիքը հայ կոռուպցիոներներին բացահայտելու համար ստի դետեկտորը կիրառելու հավանականության հարցի վերաբերյալ:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ռուսաստանյան օրինակին հետեւելու գաղափարին դեմ է:

«Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված Ռուսաստանն ամենաանհաջող օրինակն է: Շատ լավ կլինի, որ կոռուպցիայի դեմ պայքարում մենք Ռուսաստանի օրինակներից չօգտվենք: Դա այն երկիրն է, որտեղից շատ բան կարելի է սովորել, բայց ոչ կոռուպցիայի դեմ պայքար»- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է Գագիկ Մինասյանը:

Ստի դետեկտորի կիրառությանը դեմ է նաև «Ժառանգություն»-ից Դավիթ Սանասարյանը, բայց բոլորովին այլ պատճառով: Նա կարծում է, որ նման համակարգի վրա ավելորդ գումարներ ծախսելու կարիք չկա, քանի որ ամեն ինչ առանց դրա էլ բացահայտ է: «Կարիք չկա կոռուպցիոներներին ստի դետեկտրով ի հայտ բերելու», – ասաց Դ. Սանասարյանը, հավելելով. «Որ քաղաքացուն էլ, որ հարցնեք, անուն առ անուն կասի, թե ովքեր են»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ կարծում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում անգամ ստի դետեկտորները չեն օգնի, այն պարզ պատճառով, որ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքար ընդհանրապես չկա: «Ոչ մի բան էլ չի օգնի, կոռուպցիայի դեմ պայքար պիտի լինի, որ դետեկտորներ կիրառվեն, պայքար չկա»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Տեսանյութեր

Լրահոս