Արմավիրում կարկտահարությունից տուժած գյուղացի ակտիվիստներին ոստիկանությունը «մշակե՞լ» է
Oրեր առաջ կարկուտը ոչնչացրեց Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների բերքը: Իրենց խնդրին Կառավարության ուշադրությունը հրավիրելու համար գյուղացիները ստիպված եղան փակել Երևան-Արմավիր մայրուղին: Շոշափելի արդյունքի չհասնելու դեպքում նրանք սպառնացին մայիսի 28-ին փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը, ով պետք է այցելի Սարդարապատի հուշահամալիր:
«Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը դրա համար չի գալու Սարդարապատ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Մրգաշատ գյուղի բնակիչ Վաչիկ Հակոբյանը: «Վարչապետը որ եկել էստեղ խոսել-գնացել է, ժողովուրդը ոչ մի բանի էլ չի հավատում: Էկան, խաբեցին, փափուկ բարձ դրեցին` բոլորն էդպես են խոսում: Ոչ մի բանի չեն հավատում, մինչև հիմա ոչ մի բան արված էլ չի: Կոնկրետ մեր գյուղում մինչև հիմա ոչ մի բան չի արվել»,- ասաց մեր զրուցակիցը: Ըստ իրեն հասած տեղեկությունների` բողոքի ակտիվ մասնակիցներին ոստիկանները «մշակել» են, տարել «բացատրական աշխատանքներ» …
Հիշեցնենք, որ Կառավարությունը խոստացավ օգնել տուժածներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իրենց մեկ ամսվա աշխատավարձը փոխանցեցին արմավիրցիներին:
«Ասել են, որ կտան իրենց աշխատավարձերը, մի քանի տարով վարկ պիտի սառեցնեն… էդ ամենը մինչև լինի, էս ժողովուրդը սոված կմեռնի: Իրենց հիմա կոնկրետ օգնություն էր պետք. ասենք` մի քիչ գումար տային, կամ գոնե սածիլ տային… Բայց առայժմ` ոչ մի բան»:
Արմավիրցիները չեն հավատում, որ ինչ-որ մի բան կանեն.«Ասում են` եկան, ստից-մտից խոստացան, որ էլ ճամփա չփակեն: Մարդկանց այգին, որ ոչնչացել է, վերականգնվում է 3 տարի հետո` մինիմում: Ի՞նչ պիտի անեն էդ մարդու համար, որ կարողանա 3 տարի ընտանիք պահել: Ստիպված բոլորը թողնում փախնում են: Գյուղից լիքը մարդիկ կան, որ էլ ոչ մի բան չունեն անելու, պատրաստվում են ավտոբուսներով գնալ երկրից, որ մի երկու կոպեկ փող աշխատեն: Է, մարդը, ասենք` մի հեկտար բաղ ուներ, հիմա էդ էլ չկա, բա մնա` ինչ անի: Հուսահատ վիճակ է…»:
Դիտարկմանը, թե երբ վարչապետն այցելեց Արմավիր, ինչ-ինչ բաներ խոստացավ,Արմավիրի բնակիչ Կ. Վարդանյանը նշեց. «Նույն էս Կառավարությունը էս 15 տարի ա, երբ ինչ խոստացել ա, ինչ-որ մի բան արե՞լ ա: Իրենց տվածը կա´մ շատ չնչին ա լինելու, կա´մ ընդհանրապես ոչ մի բան չեն տալու: Վարչապետը եկավ գյուղ, 12 հատ երեխա ունեցող մեկին մի հատ տան բանալի հանձնեց, թողեց հետ գնաց: Ժողովրդի կեսն էլ տեղյակ չեղավ: Երևի ինքը էնպես կազմակերպեց, որ շատ մարդ չիմանա, չհելնեն բողոք-մողոք անե: Ի միջիայլոց` էն օրը եթե կես ժամ ուշ բացեին ճանապարհը (ջրցան մեքենաները եկան, Օմոն-ը եկավ, անցավ գնաց), ժողովրդի դեմ պատրաստվում էին` ինչ պետք է անեին»:
Կան նաև տեղեկություններ, որ ոստիկանապետը գյուղապետներին հավաքել և նախազգուշացրել է, որ ճանապարհ փակելու արարքը հանկարծ նորից չկրկնվի: