
Սիրիական հակամարտությունը սպառնում է ապակայունացնել Լիբանանը. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Տրիպոլիում և Լիբանանի այլ քաղաքներում միջհամայնքային բախումները, ինչպես նաև հարևան Սիրիայում ընթացող մարտերը կարող են ապակայունացնել Լիբանանը:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը. «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լիբանանում ստեղծված իրավիճակից: Հյուսիսային Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած վերջին բախումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, ինչը հիշեցնում է, որ Սիրիայի հակամարտությունը գնալով ավելի է սպառնում Լիբանանի կայունությանն ու անվտանգությանը:
ԱՄՆ-ը աջակցում է լիբանանյան բանակի և ներքին անվտանգության ուժերի ջանքերին`ուղղված Տրիպոլիում բախումների դադարեցմանը և երկրում խաղաղության վերականգնմանը: ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայի ներքին հակամարտությանը չմիջամտելու մասին Լիբանանի կառավարության հայտարարությանը»:
Վենտրելը դատապարտել է շիական «Հզբոլլահ» շարժման գործողությունները, որը Պետդեպարտամենտի կարծիքով` ուղղակիորեն մասնակցում է Սիրիայում ընթացող մարտերին` Բաշար Ասադի կառավարության կողմից.
«Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում «Հզբոլլահի» դերը մեծացնելու մասին կազմակերպության առաջնորդների կայացրած որոշումը խախտում և խաթարում է Լիբանանի չմիջամտելու քաղաքականությունը, ինչը կարող է հանգեցնել օտար հակամարտության մեջ Լիբանանի ներքաշվելուն` ի վնաս Լիբանանի ժողովրդի շահերի»: