Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամները կներկայանան դատարան

Կարեն Եսայանի սպանության գործով հաջորդ դատական նիստին դատարան կներկայանան Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամները՝ Վարդան Ղուկասյանը, նրա եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը և Մանյա Ղուկասյանը:

Այս մասին galatv.am-ին փոխանցել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանի խոսքով՝ դատավորն է այդ մասին հայտարարել, որ հաջորդ նիստին նրանք ներկայանալու են դատարան և հարցաքննվելու են որպես վկա:

Հիշեցնենք, որ Կարեն Եսայանին սպանեցին հենց նշանադրության օրը: Նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ:

Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը, ով սակայն հայտարարում է, որ ինքը բացարձակապես կապ չունի սպանության հետ:

Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը ևս պնդում է, որ իր պաշտպանյալին նման հանցագործության մեջ մեղադրելու հիմքեր չկա: Նա մի քանի անգամ միջնորդել է դատարանին, որ հարցաքննվեն բոլոր վկաները, որոնք կապ ունեն գործի հետ՝այդ թվում Վ. Ղուկասյանի ընտանիքի անդամները:

«Նրանց դատարանն ավելի շուտ էր հրավիրել, բայց սկզբում հրաժարվել էին՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Նրանք գրություն էին ուղարկել, նրանցից մեկը գրել էր, թե ցանկություն չունի առերեսվելու ամբաստանյալի՝ Հարություն Սարգսյանի հետ, դա սթրես է և այլն: Բայց նորից նրանք հրավիրվեցին: Վերջին դատական նիստի ժամանակ ես հարց բարձրացրի, թե ինչու՞ չեն ներկայանում, դատավորն ասաց, որ նորից հրավիրվել են, պարզապես տեղեկացրել են, որ Վարդան Ղուկասյանի եղբոր մահով պայմանավորված չեն ներկայացել և կներկայանան հաջորդ դատական նիստին»:

Նշենք, որ արդեն հարցաքննվել են սպանված Կարեն Եսանայնի հայրը՝ Ռազմիկ Եսայանը, այնպես էլ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, անցյալ դատական նիստին հարցաքննվել է նաև Հարություն Սարգսյանի քույրը՝ Մելանյա Սարգսյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի չորսին:

Տեսանյութեր

Լրահոս