Աշոտ Մանուչարյան. «Սերժ Սարգսյանը պետք է պարտադրի, որ լափողները հատուցեն մեր արտաքին պարտքը» (տեսանյութ)

«Այժմ առաջին հարցը, որը բարձրացնում է Ռուսաստանը, հետևյալն է. նա ասում է՝ լսեք, դուք գազը ձեր ժողովրդին տալիս եք մի գումարով, իսկ ձեր կողոպտիչներին, կողոպտիչ համակարգին (հանքեր, այլ ձեռնարկություններ), տալիս եք ավելի ցածր գնով: Այսինքն` ես հիմա սուբսիդավորում եմ ձեր կողոպտիչ համակարգը, գալիս են ուրիշ երկրներ, և ձեր կողոպտիչները, նրանց հետ կիսվելով, թալանում են ձեր հանքերը, և ես դա պիտի դա ֆինանսավորեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով վերջին օրերին բոլորին հուզող գազի գնի բարձրացման և Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության մասին:

«Երկրորդը` Ռուսաստանն ասում է. «տնտեսությունը հանեք ստվերից, և այնտեղ արդեն ամեն ինչը կերևա, այդ թվում նաև այդ գազը ձեզ համար բացարձակապես թանկ չի թվա, որովհետև, միևնույն է, լինում է եվրոպականից ցածր»»,- շարունակեց Ա.Մանուչարյանը:

Բայց մյուս կողմից, պարոն Մանուչարյանն ընգծեց, որ այս հարցում կա նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ Ռուսաստանն այդ քայլին դիմեց այն պահին, երբ հասկացավ, թե կարծես թե ինչպիսին է Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը: Ա.Մանուչարյանը փորձեց ցույց տալ նաև սրա պատճառը` նշելով, որ Հայաստանը մի կողմից փորձում է ընտրել արևմտյան քաղաքակրթության մոդելը, սակայն միաժամանակ ցանկանում է, որ Ռուսաստանն իրեն վերաբերվի, ինչպես բարեկամի, ինչը հնարավոր չէ:

«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ունենալ հարաբերություններ, որ նրանք մեզ վերաբերվեն, ինչպես բարեկամների, իսկ մենք նրանց վերաբերվենք, ինչպես ընդունված է արևմտյան քաղաքակրթական տարածքում, որտեղ հարաբերություններն առևտրական են` ես քեզ, դու ինձ: Բայց իրենցից սպասում ենք, որ այդպես չվերաբերվեն, լինեն ավելի բաց: Միանգամից ասեմ` այսպիսի ընտրություն հնարավոր չէ»,- ընդգծեց Ա.Մանուչարյանը:

Կարդացեք նաև

«Քանի որ պահը ճակատագրական է, այսինքն՝ դրված են մեր անվտանգության, մեր քաղաքակրթական ընտրության և նաև մեր գոյության հարցերը,լուծումները տեսնում եմ այսպես. Սերժ Սարգսյանը, քանի որ նա միշտ եղել է Հանրապետությունում ամենատեղյակ մարդը, երբ Ազգային անվտանգության նախարարն էր, տեղյակ էր, թե ով ինչքան է լափել այս երկրից, պետք է {պարտադրի}, որ այդ լափողները հատուցեն մեր արտաքին պարտքը` մոտ 5 մլրդ դոլար, որ մենք կտրվենք միջազգային ատյանների կախումից»,- շարունակեց նա:

Երկրորդ պարտադրանքը այդ նույն անձանց շրջանակին, ըստ Աշոտ Մանուչարյանի, պիտի լինի այն, որ հաջորդ 5 մլրդը նրանք պարտավոր են ներդնել երկրի տնտեսության մեջ:

«Այն, որ ասում ենք ռեֆորմ, ռեֆորմը սա է: Այսպիսի առաջարկ Սերժ Սարգսյանը երևի ի վիճակը չի լինի անել, որովհետև դա շատ ծանր հարց է իր համար` նախևառաջ այն պատճառով, որ նա էլ այդ նույն փիլիսոփայության դաշտում է, և երկրորդը` այդ դաշտը կարող է հսկայական դիմադրություն դրսևորել: Դրա համար պետք է նրան օգնել` նրան պարտադրելով ժողովրդով: Ժողովրդի պարտադրանքը հետևյալն է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները, գործիչները, որոնք հասկանում են այս հարցի ճակատագրական լինելու հանգամանքը, բոլորը միասին դիմում են ժողովրդին` նրան հրավիրելով Հայաստանի քաղաքացիների ժողովի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս