Բաժիններ՝

«Ես քննիչ չեմ և ոչ էլ դատախազ, որ ինձ խոստովանեն». Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք տվեց «Հարսնաքարի» գործով

«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այսօր ցուցմունք տվեց Ռուբեն Հայրապետյանը: Նա ասաց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին, և իր նախաքննական ցուցմունքում գործի մասին մանրամասն տեղեկություններ է հայտնել և այժմ էլ պնդում է դրանք: Նա պատասխանեց գործով մեղադրող Արթուր Դավթյանի հարցերին: Ռուբեն Հայրապետյանը ասաց, որ «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի մասին իմացել է ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանից՝ ժամը 11-ի սահմաններում: Նա ասաց, որ իրեն տեղեկացրել են, որ համալիրում կռիվ է եղել, որից մարդ է տուժել ու իրեն վատ է զգում:

«Դրանից հետո ես զանգահարել են Նորայրին, ուզեցել եմ իմանալ` ի՞նչ է: Մնացածը ես ամեն ինչ ասել եմ իմ ցուցմունքում: Նորայրը ներկայացրել է, որ սենց-սենց կռիվ եղավ, երկրապահի անունից էին հանդես գալիս, այդպես բան էր ասում: Ես հարց տվեցի` հո մարմնական վնասվածք չե՞ն ստացել, ասեց` չէ, իրա ոտքով քայլելով գնաց»,- դատարանում ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ անց իմացել է, որ Վահե Ավետյանին վիրահատում են, ու նրա վիճակը ծանր է:

Գործով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին` արդյոք դրանից հետո Ռուբեն Հայրապետյանը փորձե՞լ է պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Իրականում ես շատ եմ փորձել՝ գոնե իմ համար պարզելու, բայց այնուամենայնիվ, կան շատ բաներ, որ ես այդպես էլ չեմ կարողացել հասկանալ, որովհետև ես իմանալով իրենց, օրինակ` Արթուրին կամ մյուսներին, բացի Գարիկից, մնացած բոլորին փոքր ժամանակից գիտեմ, իրենք այդ մարդիկ չէին էլ, որ կարողանային այդպես ագրեսիվ լինել: Ու ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե ի՞նչ է եղել»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ իր համար զարմանալի է, որ, օրինակ` Արթուր Բաբոլյանը կարող էր նման բան անել. «Իմ համար մինչև հիմա զարմանալի է,  ներող կլինեք, գուցե կոպիտ կհնչի, Արթուրին ճանաչելով, որ հավի նման մարդը միանգամից առյուծ ա դարձել այսօր, դա էլ է իմ համար զարմանալի: Ասել եմ ու հիմա էլ եմ այդ կարծիքին»:

Պատասխանելով մեղադրող Դավթյանի հարցին` Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ինքը դեպքի հաջորդ օրը անձամբ զրուցել է բոլոր մեղադրյալների հետ, սակայն չի լսել նրանց. «Ես ուղղակի վիրավորել եմ, անպատվել եմ, նախատել եմ»: Նա ասաց, որ ցանկացել է ճշտել` ամբաստանյալներից ով ինչ մասնակցություն է ունեցել դեպքին, սակայն չի կարողացել պարզել: Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ինքը տեղեկացել է, որ դեպքի օրը Արման Խաչատրյանը մենքենայի մեջ է եղել, քանի որ վատ է զգացել իրեն:

«Ես ամեն ինչ կտայի, ազնվորեն եմ ասում, որ այստեղ լինեին բոլորը, նույնիսկ այն կռվի մասնակիցները, Վահե Ավետյանը ու այսպես պարզ լիներ, թե ինչ է… Ափսոսում եմ, որ ես այնտեղ չեմ եղել: Ափսոսում եմ, որ ես տեղյակ չեմ եղել: Ամեն ինչ կտայի, որ մինչև կռիվը ես տեղյակ լինեի: Այ իրենց հարցրե´ք: Եթե ես տեղյակ լինեի՝ իրենք կհամարձակվեի՞ն նման բան անել: Կամ՝ ես այնտեղ լինեի, իրենք կհամարձակվեի՞ն… Իրենք լավ գիտեն, որ իրենց արգելված էր… Որ նույնիսկ իմ շրջապատում բոլորը գիտեն իմ խիստ բնավորությունը, իմ պահանջկոտ բնավորությունը, որ ես չեմ սիրում լկտիություն ու ցինիկություն: Իրենց հարցրե´ք մի հատ, տեսե´ք: Եթե լսեին ես կողքն եմ, կհամարձակվե՞ին նման բան անել: Նույնիսկ տուժող կողմը, կներեք իհարկե, տուժող կողմը լինի այնտեղ, իրենց էլ հարցրե´ք այդ տղաներին, հարցրե´ք, եթե ես այնտեղ լինեի՝ իրենք կհամարձակվե՞ին իրենց այդպես պահել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Նա նշեց, որ ինքը բազմաթիվ անգամներ ընդամենը մի քանի րոպեում կանխել է շատ վեճեր: «Ես ունեմ 1900 աշխատող: Ես կարո՞ղ եմ ամեն մեկի համար պատասխան տալ, թե իրենք աշխատանքից հետո ինչ են անում: 1900 մարդ, 1900 բնավորություն»,- հավելեց Ռուբեն Հաjրապետյանը:

Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցին, արդյոք ինչ-որ մեկը խոստովանե՞լ է, որ ինքը հարվածել է տուժողներին, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ես քննիչ չեմ և ոչ էլ դատախազ, որ ինձ խոստովանեն»:

Նա վստահեցրեց, որ եթե ինքը այդ ժամանակ ռեստորանային համալիրում լիներ, ոչ ոք նման բան չէր համարձակվի անել: Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ տեղեկություն չունի` դեպքի օրն ինչպիսի՞ն է եղել տուժողների վարքագիծը: Հարցին` արդյոք ամբաստանյալներից որևէ մեկը աշխատե՞լ է իր մոտ որպես թիկնապահ, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց` ո´չ, սակայն ասաց, որ նրանք անհրաժեշտության դեպքում ուղեկցել են իրեն:

Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ կատարված դեպքը որոշ քաղաքական ուժեր, որոշ մարդիկ քաղաքական շոուի են փորձել վերածել, որոշ մարդկանց գումար վճարել իր տան դիմաց ցույց անելու համար:

Գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց հրապարակել Ռուբեն Հայրապետյանի նախաքննական ցուցմունքը: Դատարանը, սակայն, մերժեց տուժողների ներկայացուցչի միջնորդությունը:

Նիստի ընթացքում նախատեսվում էր հարցաքննել գործով վկա Դիանա Նավոյանին, ով, սակայն, դատարան չի ներկայացել: Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ Դիանա Նավոյանը պատշաճ ծանուցվել է: Դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ անհրաժեշտ է վկային բերման ենթարկել, բայց տուժող Արկադի Աղաջանյանն ասաց, որ կփորձի կապվել Դիանայի հետ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս