
Ադրբեջանը պատրաստվում է հունիսի 26-ի զորահանդեսին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շարունակվում է հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսի նախապատրաստությունը՝ կապված Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 95-ամյակի հետ:
Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները, որոնց տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքներին մեկնարկ է տրվել մայիսի սկզբին:
Զորահանդեսում ամենամեծ ներկայացուցչությունն ունենալու է Պաշտպանության նախարարությունը, ապա՝ Պետական սահմանային ծառայությունը:
Զորահանդեսին մասնակցելու են նաև Ներքին զորքերը, Ազգային գվարդիան, Քաղաքացիական պաշտպանության զորքերը:
Յուրաքանչյուր ստորաբաժանում այժմ անցնում է առանձին նախապատրաստություն, իսկ համատեղ նախապատրաստությունը կսկսվի հունիսի կեսին: Ակնկալվում է, որ զորահանդեսի ժամանակ կցուցադրվեն վերջին 2 տարում գնված ռազմական նոր տեխնոլոգիաները, այդ թվում նաև մարտական ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր: