Բաժիններ՝

«Սա թալանչի կառավարություն է». Արծվիկ Մինասյան

Ուրբաթ ակումբի հյուրը` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այսօր խոսեց Կառավարության ծրագրի, սպասվող թանկացումների մասին: Այս մասին հաղորդում է ԳԱԼԱ-ն։

«Սա այն հազվագյուտ փաստաթղթերից մեկն է, որն անորոշություն է իրենից ներկայացնում: Սա հռչակագիր է, որը չունի կոնկրետություններ: Կտրուկ գնահատական եմ տալիս, որովհետև այս ծրագիրը չի բացահայտում երկրի առջև ծառացած մարտահրավերները»,- ասաց պարոն Մինասյանը, ում կարծիքով` իշխանությունները խորքային պատկերացում չունեն երկրում առկա խնդիրների մասին.«Երևի վերցրել են նախագահի ելույթներից ու տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում` մեր ծրագրերից ու փորձել են ծրագիր կազմել»:

Բանախոսը հիշատակեց Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվությունը և զարմանք հայտնեց, թե այս Կառավարությունն ինչպես կարող էր նորից վստահության քվե ստանալ. «Ըստ այդ հաշվետվության` բայց ոչ նրանց ձևակերպմամբ` սա թալանչի կառավարություն է: Երբ խոսվում է գաղջ մթնոլորտի մասին` ամբողջ գաղջ մթնոլորտը ծնում է իշխանությունը, երբ խնդիրները չտեսնելու են տալիս և որևէ փոփոխություններ չեն անում: Կառավարության ծրագրում ոչ մի խոսք չկա գազի և գազատրանսպորտայի կապի, ազգային ավիափոխադրողի, նոր ատոմակայանի կառուցման մասին: Ինչ վերաբերում է ՏԻՄ և համայնքների համաչափ զարգացմանը, ապա ոչ մի տեսլական չկա: Ստանդարտ ձևակերպումներ են, որոնք տեղ են գտել ծրագրում»:

Պատգամավորի խոսքով` ամենավատ բանը, որ մեր իշխանություններն արել են այս ժողովրդին` սպանել են նրա հույսը: Լրագրողի այն հարցին, թե ինչու Կառավարության ծրագրում հաշվի չեն առնվում ընդդիմության դիտարկումները, ասաց, որ իշխանությունները պատրաստ չեն փոփոխությունների: Նրանք վերից վար մտածում են միայն, թե ինչպես անեն, որ վերարտադրվեն: Կոալիցիոն իշխանությունն այսօր կարող է մեխանիկորեն անցկացնել ծրագիրը: «Նրանք նսեմացնում են պետությունը, պետական ինստիտուտներն իրենց տեղում չեն և պատահական չէ, որ արմավիրցիները պահանջում են նախագահի ներկայությունը: Սա դեգրադացիա է»:

Բանախոսը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել ռուսական կողմից Հայաստանի կախվածությունը թուլացնելու ուղղությամբ, ասաց, որ տարածաշրջանում չկան երկրներ, որոնք ունեն այն կարևորությունը, որն ունի Հայաստանը Ռուսաստանի համար: Հայաստանում գազի ամենաթանկ գինն է գործում: Ավելի թանկ, քան, օրինակ` հարևան Վրաստանում, եվրոպական երկրների հետ համեմատած` ևս ամենաթանկն է: Ըստ նրա`պետք է խրախուսել էլեկտրաէներգիայի ստացման այլընտրանքային աղբյուրները, նոր ատոմակայանի կառուցման պահն է: «Եթե իմ ռազմավարական գործընկերը ճնշումներ է գործադրում, ինձ այդպիսի գործընկեր պետք չէ»,- ասաց նա:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս