
ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողները Բաքու կժամանեն հունիսի կեսին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Պեդրո Ագրամունտն ու Ջոզեֆ Դեբոնո Գրեխը Ադրբեջան կայցելեն հունիսի կեսին: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցը ներկայացվել և ընդունվել է այս տարվա հունվարին. «Հերթական զեկույցը պետք է ներկայացվի երկու տարի անց:
Երկրի վերաբերյալ զեկույցը ներկայացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, և դրա պատրաստման համար համազեկուցողները ժամանում են մեր երկիր: Վստահ եմ, որ նրանց այցը կլինի կառուցողական»: